‘Դամասկոսում առևանգված հայն փրկագին վճարելուց հետո ազատ է արձակվել ‘

554

Դամասկոսում օրեր առաջ առևանգված մեր հայրենակից Նազարեթ Չարքյանն ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրեսին»  տեղեկացրեց Դամասկոսում բնակվող մեր հայրենակից Նազարեթ Էլմաջյանն` ավելացնելով, որ Չարքյանն ազատ է արձակվել փրկագին վճարելուց հետո: Դեռ պարզ չէ, թե որքան գումար է վճարվել, միայն հայտնի է, որ փրկագինը չի եղել սկզբնական պահանջվող 500 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Ավելի վաղ հունվարի 23-ին տեղեկություններ էին ստացվել, որ դամասկոսահայ Նազարեթ Չարքյանն առևանգվել է իր աշխատավայրից` անհայտ զինված անձանց կողմից և ազատ արձակելու համար պահանջվում էր 50 միլիոն սիրիական լիրա, որը համարժեք է մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլարի:

Մայրաքաղաք Դամասկոսում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, բախումները շարունակվում են մոտակա գյուղերում: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Դարիա գյուղի մոտակայքում կառավարական ուժերը զինյալներին պատկանող մեքենաներ են ոչնչացրել, որոնք օգտագործվում էին զենքեր տեղափոխելու համար: Դումա գյուղի ագարակներում տեղի ունեցած բախումների ժամանակ մեծ թվով զինյալներ են սպանվել և վիրավորվել, առգրավվել են նրանց զենքերը:

ՄԱԿ-ի տվյալներով Սիրիայում շուրջ 22 ամիս շարունակվող բախումների հետևանքով ավելի քան 60 հազար մարդ է զոհվել, այդ թվում` չորս տասնյակից ավելի հայեր: Սիրիահայ մեր հայրենակիցների առևանգման դեպքերը ևս հաճախակիացել են բախումների ընթացքում:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմի. Սիրիան մասերի է բաժանվում’
Հաջորդ հոդվածը‘Վենետիկի քաղաքապետը հավանություն չի տվել Սանկտ-Պետերբուրգի հետ կապերը խզելու նախաձեռնությանը’