‘Դամասկոսում ռմբակոծության հետևանքով հայ է զոհվել ‘

778

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական թաղամասերը հոկտեմբերի 6-ի կեսօրին հրասանդային ռմբակոծության են ենթարկվել: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է դամասկոսաբնակ Նազարեթ Էլմաջյանն՝ ավելացնելով, որ ռմբակոծության են ենթարկվել Բաբ Թումա և Կասսաա փողոցները. 10-ից ավելի ռումբեր ընկել են թաղամասերի տարբեր կողմերում: Ութ մարդ զոհվել է և վիրավորվել ևս 40-ը: Էլմաջյանի խոսքով՝ դժբախտաբար, զոհերի թվում է 55-ամյա հայազգի Շավարշ Գարտացողյանը: Ռումբերն ընկել են բնակելի տների, եկեղեցիների, դպրոցների վրա, ինչպես նաև Բաբ Թումայում գտնվող ֆրանսիական հիվանդանոցի մերձակայքում:

Սիրիայի ընդդիմությունը հայտարարել էր, որ ռմբակոծել են սիրիական բանակի օդային ուժի գաղտնի սպասարկման կենտրոնը, մինչդեռ ռումբերը նշված վայրում չեն ընկել, այլ փոխարենը ռմբակոծվել են բնակելի շրջանները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Կասսաայում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է 8, իսկ վիրավորվել՝ 24 մարդ: Նյութական մեծ վնասներ են կրել շրջակայքում գտնվող խանութները, կայանված մեքենաները և բնակելի շինությունները:

ՄԱԿ-ի տվյալներով 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ:

Նախորդ հոդվածը‘ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Զինծառայողներ տեղափոխող մեքենան ընկել է գետը. Կան տուժածներ’