‘
Մինչև հիմա առնվազն 19 դանիացիներ են զոհվել Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների արդյունքում, իսկ ընդհանուր առմամբ Դանիայից այդ երկրներում իսլամիստների կողմում կռվելու է մեկնել 115 դանիացի: Այս տվյալներն են բերվում Անվտանգության և հակահետախուզության ծառայությանը (ԱՀԾ) կից՝ ահաբեկչության վերլուծության կենտրոնի վերջին զեկույցում, որը Դանիայում ահաբեկչական սպառնալիքի պարբերաբար նորացվող գնահատականն է տալիս: Նախորդ զեկույցում վերը բերված տվյալների փոխարեն, համապատասխանաբար, եղել են 16 և 110 թվերը: Դա Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, եթե հաշվի առնենք երկրի բնակչության քանակը:
ԱՀԾ-ի ներկայացուցիչները պնդում են, որ Սիրիայից և Իրաքից վերադարձող մարդիկ սպառնալիք են ներկայացնում Դանիայի ներքին անվտանգությանը, քանի որ նրանք ռազմական փորձառություն են ձեռք բերում, իսկ նրանց հայացքներն էլ ավելի արմատականացած են: Սակայն ուղևորությունն այդ երկրներ Դանիայի օրենսդրության խախտում չէ, ուստի ԱՀԾ-ն ստիպված է սահմանափակվել այդ մարդկանց հետևելով:
Այնուհանդերձ, զեկույցի համաձայն՝ Դանիայում ահաբեկչության զոհ դառնալու հավանականությունը մեծ չէ: Սպառնալիքներ են ստանում հատկապես հրեաներն ու այն անձինք, ովքեր, ահաբեկիչների կարծիքով՝ վիրավուոմ են իսլամը:
Մուսուլմանները Դանիայում ամենաբազմամարդ կրոնական փոքրամասնությունն են: Տարբեր տվյալներով՝ մուսուլմանների թիվը երկրում տատանվում է բնակչության 3-5 %-ի միջև, ինչը կազմում է 5,6 մլն մարդ, փոխանցում է ТАСС-ը:
‘