‘
Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Բարսելոնան» 5:1 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»: Լիոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց` դառնալով կատալոնական դերբիների պատմության լավագույն ռմբարկուն` 12 գոլ: Հանդիպումից հետո թիմակիցները գովեստի խոսքեր են ուղղել արգենտինացու հասցեին:
«Կարծում եմ` բոլորը հստակ հասկանում են, ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը և ֆուտբոլային այս տասնամյակի տերը»,-Դանի Ալվեսի խոսքն է մեջբերում կատալոնական SPORT պարբերականը:
«Խոսքեր չունեմ Մեսսիի խաղը նկարագրելու համար: Նա թիմին այնքան բան է տվել, որ կրկնում եմ` պարզապես խոսքեր չկան, որպեսզի նկարագրեմ այն ամենը, ինչ նա արել է մեզ համար»,-Ժերար Պիկեի՝ Մեսսի մասին կարծիքն է ներկայացնում Football-Espana-ն:
«Մեսսիին տեսնել ամեն օր և նրա հետ լինել խաղերի ժամանակ. սրանք տարբեր բաներ են: Նա խենթացնում է. երբեք չգիտես, թե ինչ կանի հաջորդ պահին: Գուցե Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է: Պելե, Մարադոնա… Մեսսին այդ մակարդակի ֆուտբոլիստ է: Մենք նրան պետք է տանք ոչ միայն «Ոսկե գնդակը», այլ գոյություն ունեցող բոլոր մրցանակները: Նա յուրահատուկ է»,- իսպանական լրատվամիջոցներին ասել է Իվան Ռակիտիչը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ «Ոսկե գնդակ 2014» մրցանակի գլխավոր հավակնորդների թվում է: Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը կհրապարակվի հունվարի 12-ին, Ցյուրիխում կայանալիք միջոցառման ժամանակ:
‘