‘Դաշնակցությունը կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ’

1904

Դաշնակցությունը համաձայն է ՀՀԿ-ի հետ համագործակցությանը, որպեսզի կյանքի կոչի նոր Սահմանադրությունը, հայտարարել է Հրանտ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում: «Մենք մինչև վերջին հանրաքվեն, երբ մեզ ասում էին, մենք երդվում էինք, որ ոչ մի խոսակցություն չկա մեր և իշխանության միջև կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչև այս պահը, որ ես Ձեզ հետ խոսում եմ, նման որևէ բան մեր մեջ տեղի չի ունեցել և չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, և ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատվությամբ ենք գնացել նոր Սահմանադրության ընդունմանը: Դաշնակցությունը մեծ բեռ է վերցրել իր վրա, Դաշնակցությունը մեծ պատասխանատվություն է վերցրել՝ համոզումով, հավատքով գնալով սահմանադրական փոփոխություններին: Եվ այսօր մենք չենք կարող պատասխանատվություն չկրենք այդ առումով, այդ Սահմանադրությունն իրագործելու առումով, այդ Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցության», — ասել է Հրանտ Մարգարյանը:

Մարգարյանի խոսքով՝ առայժմ դժվար է ասել, թե իշխանության հետ համագործակցությունն ինչ ձև կստանա, որովհետև դեռ գտնվում են «բանակցությունների նախնական փուլում»․ — «Եղել է առաջարկությունը, և մեզ համար դա սկզբունքորեն ընդունվել է, որ պետք է ունենանք համագործակցություն Սահմանադրությունը կյանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որևէ խոսակցություն առայժմ տեղի չի ունեցել»:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը նաև դժվարացել է նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017-ի խորհրդարանական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո․ — «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետև իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետև կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»:

«Ես շատ լավ գիտակցում եմ, որ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ մեզ ձեռնտու չի կոալիցիայի անդամ լինել, որովհետև նոր խոսակցությունների, նոր քննադատության․․․ Թեպետ միշտ եղել է դա: Հիմա էլ կլինի: Գիտեմ, որ քաջություն պետք է այս պայմանների մեջ այդ պատասխանատվության տակ մտնելը: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու: Այո, ներսից էլ պետք է փոխենք, դրսից էլ պետք է փոխենք»:

Անցած տարիների ընթացքում Դաշնակցությունը շարունակաբար պնդում էր, որ իշխող կոալիցիա կմտնի միայն իրենց առաջադրած յոթ կետերի կատարումից հետո: Հրանտ Մարգարյանը սակայն չի հստակեցրել՝ արդյո՞ք այդ պահանջները կատարվել են, չմանրամասնեց նաև, թե նոր կառավարությունում ՀՅԴ-ին ի՞նչ պաշտոններ են տրվելու:

«Ես կարծում եմ, որ ժողովուրդը հուսահատված է քաղաքական ուժերից, բայց ժողովուրդը նաև ճանապարհ է ցույց տալիս: Ժողովուրդը հենց այն ճանապարհն է ցույց տալիս, որի մասին ենք խոսում մենք արդեն մի քանի տարի․ որ, այո՛, մենք ուրիշ ելք չունենք, բացի այն, որ ընտրությունների միջոցով պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Եվ դա հնարավոր է, և դա կարելի է»:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանի նամակը ALDE-ի նախագահին’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Շենգավիթում’