‘
Հայտնի դաշնակցական հրապարակախոս Հարութ Սասունյանը «Թուրքական նախապայմաններին պետք է հակադարձել հայկական նախապայմաններով» խորագիրը կրող հոդվածում, խստորեն դատապարտելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ իր կառավարությունը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բառացիորեն գրում է հետեւյալը.
«Զավեշտալի է, որ փոխանակ Հայաստանը նախապայմաններ դնի Թուրքիայի առջև՝ նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն համաձայնելը, Թուրքիան է պահանջում, որ Հայաստանը ենթարկվի իր նախապայմաններին։ Կարելի էր պատկերացնել, որ հայերը որպես թուրքական բարբարոսական զանգվածային սպանդի զոհեր, պետք է պահանջեին, որ մինչ հարաբերությունների հաստատումը, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և պատշաճ փոխհատուցում վճարի մարդկային և նյութական վիթխարի կորուստների համար… Թուրքիային ներկայացվող նման նախապայմանները խաղաթուղթ են հայ ժողովրդի ձեռքում, որը նա պետք է օգտագործի որպես սակարկության միջոց» (aravot.am.18.12.2018)։
Իրոք որ զավեշտալի է։ Զավեշտալի է երկու առումով։
1. Էս ի՞նչ է ասում կարկառուն դաշնակցական հայդատական հրապարակախոսը։ Ընդամենը այդքա՞ն նախապայմաններ։ Բա ո՞ւր մնացին Ղարսի նահանգն ու Սուրմալուի գավառը, որ Արեւելյան Հայաստանի մաս էին, ո՞ւր մնացին Սեւրի պայմանագրով եւ Վիլսոնի իրավարար վճռով գծված սահմանները, «վեց վիլայեթները»։ Մի՞թե Դաշնակցությունը արդեն ծախել է այդ հողերը եւ ձեռ է քաշել Ծովից ծով Հայաստանի իր տեսլականից։ Ինչի՞ դիմաց։
Հայ ժողովրդին արթնացնելու համար քանի՜ -քանի՜ հերոսական «գործողություններ» կատարեցին հեղափոխական կուսակցությունները՝ է՛լ սուլթանի դեմ մահափորձ, է՛լ «Բանկ Օտոման», «Գում Գաբու» ու «Խանասորի արշավանք», տասնյակ այլ ահաբեկչական ակտեր, որոնցից ամեն մեկն արժեցավ հազարավոր, երբեմն տասնակ հազար հայության կոտորած, մինչեւ հասան 1895-96թթ. զանգվածային ջարդերին։ Դժոխային որքա՜ն տառապանքներ կրեց, զոհեր տվեց արեւմտահայությունը «հերոսական» այդ գաղափարների կրողների համար, մինչեւ որ դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհը։
Արեւելյան Հայաստանում ստեղծված Հայաստանի հանրապետության դաշնակցական վարիչները որքա՜ն անկոտրում կամք դրսեւորեցին՝ չբավարարվելով Հայաստանին տրված 60.000 կմ/ք տարածքով, եւ սրբազան տեսլականի իրականացման համար խեղճուկրակ ժողովրդին «խիզախաբար» պատերազմի տարան չորս հարեւաններից միանգամից երեքի դեմ։ Հանուն ինչի՞։ Հանուն նույն «Վեց վիլայեթի», նույն Սեւրի պայմանագրով, Վիլսոնի ձեռքով գծված սահմանների, հանուն «Ծովից ծով Հայաստանի»։
Ամբողջը կամ համարյա ամբողջը կորցնելուց հետո Դաշնակցությունը հետագայում, արդեն հայրենիքից դուրս, հանգիստ պայմաններում գտավ նոր «անելիք». ժողովներ, համաժողովներ, բյուրոներ, հավաքներ, դրամահավաքներ, որոնցով անդարձ կորսվածը «բյուրեղացրեց» որպես Հայ դատի նորովի մի ընկալում, Հայ ժողովրդի համար նոր մի աստվածաշունչ՝ դրանք սպասավորող բազմածախս Հայ դատի գրասենյակներով։ Եւ հիմա Հարութ Սասունյանը հրաժարվո՞ւմ է սրբագործված տարածքային պահանջատիրությունից։ Այս ամենից հրաժարվում է նաեւ Դաշնակցությո՞ւնը, թե՞ համապատասխան հետեւություններ պետք է անի իր անդամի այս քայլից։
2. Բայց Հարութ Սասունյանը ոչ միայն զավեշտալի է հայդատականության հայտնի պահանջներն ուրանալով։
Հայտնի է, որ Դաշնակցությունը 1988-91 թվականներին կոմունիստների հետ ձեռք ձեռքի պայքարել է Ղարաբաղյան շարժման, ապա Հայաստանի անկախության հեռանկարի ու այդ ուղղությամբ արվող քայլերի դեմ՝ համարելով, որ Արցախի հարցի ինքնորոշման իրավունքի հիման վրա լուծումը խարխլում է Հայ դատի հիմնասյուներից մեկի՝ պահանջատիրության հիմքերը, իսկ Հայաստանի անկախացումը ոչնչացնում է հզոր ԽՍՀՄ-ի միջոցով «ամբողջական հողահավաք» իրականացնելու հեռանկարը։ Ու ներքուստ չհաշտվեց, ոչ մի կերպ չհաշտվեց Հայաստանի անկախության փաստի հետ։
Հիմա էլ Հարութ Սասունյանը, որպես իր այդ ներքուստ չհաշտվելու մի արտահայտություն, Հայաստանն անկախ պեություն չի համարում, նա ոչ թե սովորեցնում, այլ պահանջում է, թե ինչ պետք է անի երկրի իշխանությունը, ինչպիսի հարաբերություններ պետք է ունենա իր հարեւանների հետ։
Պետությունն ունի իր սահմաններն ու Սահմանադրությունն, իր օրենքները, պատասխանատու է առաջին հերթին իր քաղաքացիների համար եւ իր քաղաքացիների առջեւ։ Երկրում ապրող, պետությունն իրենց ուսերին պահող քաղաքացիներն են, որ կարող են դժգոհ լինել պետական իշխանությունից եւ փոխել այն, կարող են գոհ լինել եւ չփոխել, կարող են նրան պահանջներ ներկայացնել։ Մանկապարտեզային այս գիտելիքը չունի՞ 130-ամյա կուսակցության գաղափարախոսական ոլորտի հրապարակախոսը, այդքան տգե՞տ է։ Եթե ունի, ուրեմն նրա ելակետը հենց Հայաստանը որպես անկախ պետություն նեքուստ որեւէ կերպ չընդունելու փաստն է, այդ պետության, նրա անկախության ու քաղաքացիների վրա թքած ունենալը։
Ուրեմն եւ՝ այն, ինչ ասում է Հարութ Սասունյանը, ոչ միայն զավեշտալի, այլ նաեւ զայրացուցիչ է. մարդը հեռավոր Ամերիկայում իր ընտանիքի հետ ապահով նստած՝ թելադրում է, թե ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը՝ համարելով, թե Հայաստանի «երրորդ սորտի» ժողովուրդն ունակ չէ հասկանալու, թե որոնք են իր քաղաքական առաջնահերթությունները եւ կատարելիք քայլերը։ Անբարոյական մեծամոլությամբ «ամոթալի» է գնահատում երկրի արտաքին քաղաքական քայլերը եւ իրեն Հայաստանի քաղաքացիների ճակատագիրը որոշելու իրավունք վերապահելով՝ թելադրում է, թե ինչ պետք է անել։ Թելադրում է այնպիսի հարցերում, որոնք անմիջապես կապված են այդ երկրի ոչ միայն ընդհանուր զարգացման հեռանկարների, այլեւ անմիջականորեն նրա բնակիչ-քաղաքացիներից յուրաքանչյուրի անվտանգության, կյանքի ապահովության հետ։
Հարութսասունյանները պարբերաբար նման բաներ ասում կամ անում են, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զարգացման ու անվտանգության հարցերի համապարփակ լուծմանն ուղղված հնարավոր քաղաքական քայլերին։ Օրինաչափ հարց է առաջանում. ո՞րն է ծանրակշիռ այն հիմքը, որը նրանց մղում է ոչ միայն չխորշել տգետ երեւալուց, այլեւ վիրավորել Հայաստան պետությունն ու նրա քաղաքացուն։ Օրինաչափ այս հարցը չի կարող չունենալ նույնքան օրինաչափ պատասխան։ Եւ դա այլ բան չէ, քան՝ բիզնես շահը, հարյուրամյա այն բիզնեսի վտանգումը, որի հիմքում մարդկանց ազգային ու հայրենասիրական զգացումների շահարկման վրա կառուցված, հայ ժողովրդին բազում աղետներ բերած հայդատականություն-պահանջատիրությունն է։ Վերցրեք սա հարութսասունյաններից, եւ նրանք կմնան անգործ, սոված ու անհայտ։
Աշոտ Սարգսյան
‘