‘Դաշնակցությունը, սահմանադրությունը, մենատիրությունը’

1826

Հայ հեղափոխական դաշնակցության հերթական Ընդհանուր ժողովը կանխատեսելի ավարտ ունեցավ՝ 125-ամյակը նշող կուսակցությունը հաստատեց Սերժ Սարգսյանի կողմից խաղացող՝ այս պահին միակ քիչ թե շատ խոշոր քաղաքական միավոր լինելու հանգամանքը (բացի, իհարկե, ՀՀԿ-ից, որը, սակայն, կարող ենք համարել ոչ այնքան քաղաքական, որքան զուտ բյուրոկրատական միավորում): Պետք չէ սպասել «Նյութեր ՀՅԴ պատմության» հերթական հատորի հրապարակմանը՝ ամփոփելու համար անցած Ժողովի քաղաքական իմաստը. արդեն այսօր դա կարելի է անել, որովհետեւ քաղաքական այդ իմաստը շատ պարզունակ եւ աղքատիկ է: Մյուս կողմից՝ քաղաքական այս դիրքավորման հեռահար հետեւանքները, որոնք գուցե այնքան էլ կանխատեսելի չեն առաջին հայացքից, ոչ մի լավ բան, ըստ իս, չեն գուշակում հենց նույն Դաշնակցության համար: Տեսնենք, թե ինչու:

Դաշնակցությունն, ուրեմն, այսօր միակ համեմատաբար խոշոր ուժն է, ՀՀԿ-ից բացի, որը բացահայտ կերպով խաղում է Սերժ Սարգսյանի օգտին: Որքան էլ դաշնակները փորձեն այս հանգամանքը քողարկել, կիսաընդդիմադիր ինչ-որ խաղեր շարունակեն տալ, սակայն պարզ է, որ այն քաղաքական միավորը, որը պաշտպանում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Սերժի հենարանն է՝ նույնիսկ եթե դրան զուգահեռ օրվա մեջ տասը հատ հայհոյանք տա անձամբ Սերժին կամ էլ անխնա քննադատի երկրի քաղաքական համակարգը: Որեւէ կապ չունի նաեւ, թե ինչ հիմնավորումներով են պաշտպանում սահմանադրական փոփոխությունները: Օրինակ, երբ ասում են, թե՝ դա մեր ծրագրի մեջ կար՝ անկախ Սարգսյանի նախաձեռնությունից: Նույնիսկ՝ եթե Հայկ Նահապետի ժամանակվանից ձեր ծրագրի մաս էր, դա բացարձակապես կարեւոր չէ, քանի որ այսօրվա քաղաքական իրավիճակում դա նշանակում է միայն մեկ բան՝ 2018-ից էլ այն կողմ Սերժ Սարգսյանի իշխանության «հավերժացման» «խորամանկ» ծրագիր: Այստեղ խոսք իսկ չի կարող լինել «սկզբունքայնության» մասին՝ անհեթեթ է քաղաքական կոնկրետ իրավիճակում կոնկրետ իրողության իմաստն ու հետեւանքները չգնահատող եւ, ըստ այդմ էլ՝ կողմնորոշվող «քաղաքական սկզբունքայնությունը»: Ավելին, դա ոչ թե սկզբունքայնություն է, այլ փարիսեցիության եւ կեղծիքի առավել ծանր տեսակ:

Դաշնակցության ներկայացուցիչները հիմնավորում են սահմանադրական փոփոխություններին իրենց կողմ լինելը՝ երկրում քաղաքական մենաշնորհի վերացման անհրաժեշտությամբ: Սա նույնպես փարիսեցիության եւ կեղծիքի գագաթն է, եւ Դաշնակցության առաջին դեմքերը, որոնք քաղաքականության մեջ ամենեւին էլ մանուկներ չեն, չեն կարող դա չհասկանալ: Բացի այն, որ մանուկներին իսկ պարզ է, որ այս կամ այն երկրի քաղաքական փաստացի համակարգն ու դրա իրավական ձեւակերպումն ամենեւին էլ պարտադիր կերպով չեն նույնանում իրար հետ, իսկ բազմաթիվ պատմական եւ արդի օրինակներում էլ՝ նույնիսկ արմատապես հակադիր են իրար (ձեւականորեն՝ խորհրդարանական հանրապետություն, իսկ փաստացի՝ բացարձակ միապետություն՝ ՍՍՀՄ-ի օրինակն ամենահայտնիներից է, բայց ամենեւին էլ ոչ միակը), պարզ է նաեւ, որ ներկա պայմաններում սահմանադրական բարեփոխումների ծրագրի հաջողումը Հայաստանում նշանակելու է ոչ թե քաղաքական մենաշնորհի վերացում, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական մենաշնորհի վերջնական հաստատում: Ավելին՝ չնայած այսօր էլ մենք ամենեւին էլ ժողովրդավարական երկիր չենք, բայց, բառիս բուն իմաստով, քաղաքական մենատիրություն անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ չի եղել, կամ գոնե դրա վերջնական հաստատումը դեռ իրականություն չէ: Չնայած ամեն ինչին՝ Հայաստանում  միշտ էլ եղել են եւ ցայսօր էլ կան իշխանությունից քիչ թե շատ ինքնավար քաղաքական եւ տնտեսական բավականին խոշոր միավորներ, որոնք հնարավորություն ունեն ինքնուրույն քաղաքական մանեւրի, եւ սա տարբերում է հայաստանյան իրականությունը մի շարք հետսովետական այլ հասարակություններից՝ Ադրբեջանից, Ռուսաստանից եւ այլն: Սերժի նպատակը հենց այդ համեմատական բազմակենտրոնության վերացումն է: Սահմանադրական փոփոխությունների նախագծի այս բոլոր եւ հարակից առումները մանրամասն կերպով վերլուծվել են ընդդիմադիր մամուլում, այնպես որ տվյալ դեպքում իմաստ չկա այդ թեզերը բացելու: Կարեւոր է արձանագրել, սակայն, որ հիշյալ մանրամասն փաստարկված վերլուծություններից եւ ոչ մեկը չի հերքվել ոչ միայն համարժեք ծավալի եւ մանրամասնության վերլուծությամբ, այլեւ՝ թեկուզ ավելի պարզունակ մակարդակով, եւ այդ իմաստով այս գնահատականները կարող ենք անհերքելի համարել:

Իսկ արդյո՞ք ձգտումը դեպի քաղաքական բացարձակ մենատիրություն ինչ-որ եզակի կամ ունիկալ՝ միայն այսօրվա Հայաստանին բնորոշ միտում է: Բնավ՝ ո՛չ: Հին եւ նոր պատմությունից բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ հանուն ժողովրդի եւ առաջադիմության եւ ընդդեմ չար բոյարների, իշխանների, օլիգարխների եւ այլն՝ այս կամ այն երկրում հաստատվել է կոշտ բռնատիրություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանություն: Կարեւոր է այստեղ նաեւ այն, որ քաղաքական մենաշնորհի հաստատման գործում մենատիրությանը ձգտող անձին աջակցող բոլոր խմբերը կամ անձերն ի վերջո իրենք էլ վերացել են: Դա պատահականություն չէ, իհարկե, որովհետեւ մենատիրության միտումը հենց նրանով էլ մենատիրության միտում է, որ վերացնի բոլոր համեմատաբար ինքնավար խմբերը, նույնիսկ՝ ոչ այնքան խոշորները: Հենց այս պատճառով ենք ասում, որ Դաշնակցությունը, որին այս պահին թվում է, որ հաջողակ քաղաքական գործարք է կատարել, հեռանկարում, եթե Սերժի ծրագիրն իրականացվի, հենց ինքն է դառնալու այդ ծրագրի զոհերից մեկը՝ վերջնականապես վերանալով քաղաքական ասպարեզից: Ավելին՝ նույն ճակատագրին այս կամ այն կերպ արժանանալու է նույնիսկ Հանրապետականը, քանզի մենատիրության հաստատման պատմա-քաղաքական օրինաչափությունները բավականին անողոք են եւ հստակ: Սա ոչ թե ինչ-որ հեքիաթ է, այլ պարզ թվաբանություն՝ լինելով այս կամ այն չափի ինքավար քաղաքական միավոր եւ նպաստելով առավել ուժեղի կողմից այլ համեմատաբար ուժեղների, այսինքն՝ քաղաքական համեմատական բազմակենտրոն համակարգի վերացմանը, ի վերջո՝ ինքդ էլ, որպես այդ նույն բազմակենտրոն համակարգի մաս, կորցնում ես քո դիրքն ու հողը: Քաղաքական բոլոր համեմատաբար ինքնուրույն միավորների միասնական շահն է՝ անկախ իրար միջև եղած տարաձայնություններից, ա՛յն համակարգի պահպանումը, որի մեջ հնարավոր է համեմատական ինքնավարությունը:

 Շավասպ Արծրունի

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ներկայացուցիչը New York Times-ի ընթերցողներին պատմել է Ադրբեջանի նպատակների մասին’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպման մասին’