‘Դասախոսին սեռական ոտնձգության մեջ մեղադրող ուսանողուհուն սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում ‘

1129

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 21-ամյա ուսանողուհու գործը, որով վերջինս իր նախկին դասախոսին մեղադրել է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ ուղարկվել է դատարան: Սույն գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հայտնում է news.am-ը: 

21-ամյա Մ. Վ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վրեժխնդիր լինելու շարժառիթով Վանաձորի ոստիկանությունում տվել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով իր նախկին դասախոս Ա. Հ-ին: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել հունվարի 10-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վարդումյանի դեմ քրեական գործ է հարուցվել սուտ մատնության համար: Իսկ մինչ այդ վերջինս հաղորդում էր տվել այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Արամ Համբարյանը իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ այն զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածուն պարտավոր է ներողություն խնդրել ամերիկահայերից  ’
Հաջորդ հոդվածը‘Մյասնիկ Մալխասյան. Մենք շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզած հանգրվանին, մինչև կառուցվի մեր երազած Հայաստանը ‘