‘
Ծայրահեղ աջակողմյան կոնսպիրոլոգ Ալեքս Ջոնսը հայտարարել է, որ ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի շրջապատը նրան կերակրում է թմրանյութեր պարունակող թխվածքաբլիթներով: Այդ մասին հաղորդել է The Independent-ը:
Ջոնսի կարծիքով՝ երկու ամիս շարունակ նախագահ Դոնալդ Թրամփի ուտելիքի մեջ ավելացրել են խթանիչներ, ինչի արդյունքում նրա խոսքն անհասկանալի է դարձել: «Հայտնի է, որ պետությունների ղեկավարների մեծ մասի սննդի մեջ թմրանյութ են խառնում: Սկզբում՝ ոչ մեծ չափաբաժնով, ապա քիչ-քիչ մեծացնում են: Բայց Թրամփը ֆիզիկապես այնքան առողջ է, որ դեռ դա չի հասկացել»,- պարզաբանել է դավադրության տեսություն դավանող Ջոնսը:
Նրա կարծիքով՝ դա արվում է նրա համար, որպեսզի պետության ղեկավարը վերածվի խամաճիկի: Կոնսպիրոլոգը Թրամփին խորհուրդ է տալիս հետազոտվել անկախ բժիշկների մոտ: Ընդ որում՝ նա իր խոսքերի համար որևէ ապացույց չի ներկայացնում:
Թրամփը բազմիցս հարցազրույցներում հայտարարել է, որ կյանքում երբևէ սպիրտային խմիչք չի օգտագործել և չի ծխել, ու սուրճ էլ չի խմում:
Սպիրտային խմիչքի նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը Թրամփի ավագ եղբայր Ֆրեդերիկի մահն է այդ կործանարար մոլուցքի հետևանքով:
Փոխանցում է lenta.ru-ն:
‘