‘
Երեկ գիշեր եւ այսօր առավոտյան դիվերսիոն գործողություն իրականացնող ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, iLur.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, դիվերսիայի հետեւանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ 3 ժամկետային զինծառայողներ:
Դավիթ Բաբայանը նշեց, որ արդեն մի քանի օր ի վեր հակառակորդը ինտենսիվ կերպով խախտում է զինադադարի ռեժիմը: Նրա խոսքով, նույնիսկ օրերս, երբ ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում էր անցկացնում սահմանի մի հատվածում, մեկ այլ հատվածում ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում էր զինադադարի ռեժիմը:
«Այս գործողությունն իր գագաթնակետին հասավ երեկ գիշերը եւ այսօր առավոտյան, երբ որ հակառակորդի հատուկ նշանակության բավական մեծ մի ջոկատ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել Արցախի տարածքի ուղղությամբ եւ ստանալով հակահարված՝ հետ է շպրտվել: Ցավոք սրտի, մեր կողմից կա երեք զոհ, մենք մեր պահապան հրեշտակներից երեքին կորցրինք, ինչը մեզ համար մեծ ողբերգություն է», — նշեց Բաբայանը:
Նա հավելեց, որ գործողության արդյունքում ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի շատ զոհեր է տվել՝ ներխուժման փորձ իրականացրած ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
«Մեկ անգամ եւս հասատվեց, որ բանակը անառիկ է պահում երկրի սահմանները՝ անկախ օրվա ժամից եւ եղանակային պայմաններից», — ասաց նախագահի խոսնակը: Նա հավելեց, որ թեև չորս վիրավոր զինծառայողների մոտ կան որոշակի դժվարություններ, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական կողմը ահաբեկչական գործելաոճը հավանաբար ակտիվացրել է Նովրուզի տոնի կապակցությամբ:
«Այս օրերին սկսում է Նովրուզ տոնը, եւ իրենք երեւի այս կերպ են տոնում այդ տոնը: Չնայած որ իսլամում եւ իրանական մշակույթի մեջ Նովրուզի տոնը արյան հետ որեւէ կա չունի: Բացի դրանից, 2015-ը նաեւ հայության համար է կարեւոր Ցեղասպանության 100-րդ տարելիցի առումով, եւ նրանք, փաստորեն, իրենց այս կեղտոտ ձեւով մասնակցում են դրան», — ասաց նա:
‘