‘
«Նախ և առաջ՝ ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը բավականին բովանդակալից էր, նրանք ոչ միայն կոչ են անում քաղաքական կամք ցուցաբերել, այլև ապրել իրար հետ որպես հարևաններ, որը շատ խոր իմաստ ունի»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Դուբլինում հնչած ԵԱՀԿ համանախագահների հայտարարությանը:
Դավիթ Բաբայանի խոսքով՝ սա նշանակում է, որ Արցախի ինքնորոշման հիմնախնդիրը դարձել է փաստ: Չկա անհավասարության նշան տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև:
Հիշեցնենք, որ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդի հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել, որով կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել:
«Կողմերի ղեկավարները պետք է իրենց հասարակությունները նախապատրաստեն այն օրվան, երբ նրանք նորից հարևանների և ոչ թե թշնամիների պես կապրեն՝ լիովին հարգելով միմյանց մշակույթները, պատմությունն ու ավանդույթները», — ասված է հայտարարության մեջ:
‘