‘Դավիթ Բաբայան. Օդանավակայանի վերաշահագործումը չի փոխում Արցախի կարգավիճակը’

743

Կարծում եմ, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, որովհետև Ստեփանակերտի օդանավակայանի վերաշահագործումը Արցախի իշխանությունների կողմից չի հետապնդում որևէ քաղաքական քայլ, որն ուղղված է ինչ-որ ձևով ազդելու բանակցային գործընթացին կամ ապակայունացնելու իրավիճակը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Սա լոկ սոցիալ-տնտեսական քայլ է, որը նպատակ ունի մեր հանրապետության զարգացմանն ինչ-որ նոր խթան հաղորդելու: Դա հաղորդակցության բարելավմանն է ուղղված, հետևաբար՝ նման հայտարարությունն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, որը փորձում է շահարկել հասարակական սոցիալ-տնտեսական օբյեկտը քաղաքական ասպարեզում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պետք է լուրջ ընդունի պետքարտուղարության հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, թե Միացյալ Նահանգները Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հարցում կողմերին կոչ է անում գտնել դիվանագիտական լուծումներ` հարգելով միջազգային համաձայնագրերը, ինչպես նաև Հայաստանի ու Ադբեջանի քաղաքացիական օդային հաղորդակցության միջև առկա պրակտիկան:

Անդրադառնալով Նուլանդի այն պնդմանը, թե օդանավակայանի գործարկումը չի կարող համարվել ԼՂ կարգավիճակի փոփոխությանն աջակցող գործոն՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ ԼՂ կարգավիճակը վաղուց արդեն որոշված է, և Արցախը 1991 թվականից անկախ է, իսկ օդանավակայանի վերաշահագործումը որևէ ձևով չի փոխում այդ կարգավիճակը:

«Կարծում եմ՝ ԱՄՆ-ի մեսիջը Ադրբեջանին հետևյալն է՝ հերիք է քաղաքականացնեք, հանգիստ վերաբերվեք մի գործընթացի, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր կետերին, միջազգային կոնվենացիաներին», — եզրափակեց Բաբայանը:

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը չի ընդունում ՀԱԿ-ի ներկայացրած փաթեթը’
Հաջորդ հոդվածը‘Սուդանի բռնապետին վիրահատել են Սաուդյան Արաբիայում ‘