‘Դավիթ Գյուրջինյան. Հերթը իշխանությանն է’

3882

Ինչպես հայտնի է` նախօրեին կայացել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի հարցում առաջ եկած մարտահրավերները: Հանդիպման որոշ մանրամասներ է այսօր ներկայացրել Առաջին նախագահը iLur.am-ի հետ հարցազրույցում:

Հայտնի լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում ներկայացնելով իր դիրքորոշումը` նշեց, որ «Լ. Տեր-Պետրոսյան — Ս. Սարգսյան հանդիպումը մեր քաղաքական կյանքի համար, անշուշտ, հետաքրքրական իրողություն է»: «Երկիրը հայտնվել է ծանր կացության մեջ, ուստի այս հանդիպումը բնական և տրամաբանական մի քայլ պիտի համարել ու չզարմանալ: Ընդհանուր շահերը,- այս դեպքում Հայաստանի Հանրապետության և Արցախի շահը,- երբեմնի (կամ ներկա) հակառակորդներին, անգամ թշնամիներին կարող են հաշտեցնել (թեկուզ ժամանակավորապես): Թե այն ի՛նչ ազդեցություն կունենա դեպքերի հետագա զարգացման վրա, դժվար է կանխատեսել: Առաջին նախագահը, ինչպես հուշում է իր հարցազրույցը, նպատակ ունի ուժեղացնելու գործող նախագահին` դրանով ուժեղացնելով հայկական կողմը ղարաբաղյան հակամարտություն շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ: Լ. Տեր-Պետրոսյանը կարծում է, որ  այդ բանակցություններում ՀՀ նախագահը պետք է ունենա ժողովրդի աջակցությունը: Սա հայտնի դրույթ է, սակայն… Առաջին նախագահը մի կարևոր հանգամանք է շեշտում, որ Ս. Սարգսյանի  «գլխավորած վարչախումբը պարտավոր է որոշակի դրական քայլեր կատարել, դեմքով շրջվել դեպի ժողովուրդը, իրական պայքար մղել կոռուպցիայի, իրավապահ մարմինների կամայականությունների, մենաշնորհների սանձարձակության, ընտրակեղծարարության, պետական պաշտոնյաների ամբարտավանության դեմ»: Իշխանությունն արդյոք կկարողանա՞ իրական և շոշափելի քայլեր անել` նվաճելու ժողովրդի աջակցությունը, ի զորու կլինի՞ քանդելու անվստահություն այն պատը, որ այս տարիներին գոյացել է ժողովրդի և իշխանության միջև… Դժվար, շատ դժվար խնդիր է դրված իշխանության առջև:

Փաստ է, որ ժողովուրդն այս օրերին ազնվորեն ցույց տվեց իր սերն ու նվիրվածությունը հայրենիքին, անձնվիրաբար ոտքի ելավ հանուն հայրենիքի, մեծաթիվ զոհեր տվեց… Եվ այժմ էլ կանգնած է հայրենիքի համար:

Հերթը իշխանությանն է: Բայց ժողովրդին անընդհատ խաբել չի լինի, նրա համբերությունն անսպառ չէ»:

 

Նախորդ հոդվածը‘Էդվարդ Միլիտոնյան. Միակամ լինենք, հատկապես՝ երբ ճակատագրական պահեր են լինում’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել’