‘Դավիթ Հարությունյանի եղբայրը վաճառել է «Էյր Արմենիա»-ի բաժնետոմսերը. «Հրապարակ» ‘

2124

«Հրապարակը» գրում է. Հայկական միակ ավիափոխադրողի՝ «Էյր Արմենիա» ընկերության համար բարդ ժամանակներ են: Ընկերությունը մինչև դեկտեմբերի 20-ը դադարեցրել է ուղևորափոխադրումները և ֆինանսական վերակազմավորում ու բարեփոխումներ է իրականացնում՝ փորձելով ավելի կենսունակ դառնալ: Մոտ մեկ ամիս առաջ ամենուր տագնապալի լուրեր պտտվեցին ընկերության սնանկացման, պարտքերի մասին: Այն բանից հետո, երբ «Ռոսավիանավիգացիա» պետական կորպորացիան հայտարարեց, որ դադարեցնում է սպասարկել «Էյր Արմենիային»՝ վերջինիս ունեցած պարտքերի պատճառով, և ընկերության թռիչքները Ռուսաստանի ուղղությամբ դադարեցվում են, ուղևորներն սկսեցին խուճապահար հետ տալ «Էյր Արմենիայի» չվերթների տոմսերը: Իսկ հայկական էլեկտրոնային կայքերից մեկը հայտնեց, թե իբր հոլանդացիք հետ են տանում մեր ավիափոխադրողի ինքնաթիռները: «Ինչ կարողացան՝ արեցին,- երեկ իր մտահոգությունը մեզ հետ կիսեց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը,- մարդիկ չհասկացան, որ այդ միակ լուրի տարածումը միլիոնների վնաս հասցրեց մեզ, բայց արեցին, էլի»: Ի դեպ, Արսեն Ավետիսյանը, մեր տեղեկություններով, ներկայում «Էյր Արմենիայի» միակ սեփականատերն է: Մյուս բաժնետերը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, նրան է վաճառել իր բաժնեմասը:

Ճի՞շտ է, որ Դուք գնել եք Վահան Հարությունյանից նրա բաժնեմասը:

— Վահան Հարությունյանը դեռևս 4 ամիս առաջ էր իր բաժնեմասը վաճառել ընկերությանը:

Հիմա Դուք եք միակ սեփականատերը, այնպես չէ՞:

— Այո, դե ֆակտո այդպես է:

Դուք հայտարարել եք, որ ուղևորափոխադրումները վերսկսելու եք դեկտեմբերի 20-ից, ինչի՞ է պետք այս դադարը:

— Մենք ասել ենք, որ դեկտեմբերի 20-ից կվերսկսենք ուղևորափոխադրումները զուտ այն պատճառով, որ ուղևորների շրջանում խուճապը մեծ է: Փաստացի մենք կարող ենք սկսել երկու շաբաթից էլ, բայց ուղևոր չենք ունենա, որովհետև մարդիկ վախեցած են, և բոլորը տոմսերը հետ են վերադարձնում: Ես նրանց հասկանում եմ, իհարկե, և չեմ մեղադրում: Մեզ ժամանակ է պետք, որպեսզի մենք «ռեստարտ» լինենք, այսինքն, օդանավերը Հոլանդիայից վերադառնան Հայաստան, գովազդային ակցիաներ անենք, վերականգնենք մարդկանց վստահությունը և նոր դեկտեմբերի 20-ից վերսկսենք: Հակառակ դեպքում, եթե մենք հիմա սկսենք նոյեմբերի 20-ից, օրինակ, մեր կորուստները մեկ ամսում ահավոր կլինեն, քանի որ ուղևոր չենք ունենա: Երբ որ «Ա 320» ինքնաթիռները Հայաստանից գնացին, մենք փորձեցինք աշխատել մեկ օդանավով և մեկ ամսից ավելի աշխատեցինք, բայց գրեթե բոլոր թռիչքներն ուշացումներով էին տեղի ունենում: Իսկ այդ դեպքում ուղևորը, ասենք, ժամը 12-ի համար տոմս էր գնում, բայց չգիտեր՝ 12-ի՞ն կթռչի, թե՞ երեկոյան վեցին: Եթե այդպես շարունակեինք, այս ամեն ինչը մեր իմիջի վրա բացասական էր անդրադառնալու: Որպեսզի ոչ մեզ տանջեինք, ոչ էլ մեր ուղևորներին, որոշեցինք ժամանակավոր պաուզա վերցնել, մինչև որ մեր օդանավային շարժակազմը կվերադառնա վերազինված:

Նախորդ հոդվածը‘Գուցե ներողությու՞ն խնդրեն. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը «Աշխարհի թշվառ երկրների» տասնյակում է’