‘Դավիթ Հարությունյանն ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստն ապօրինի է համարում ‘

677

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստից հեռանալու պատճառներին:

Հարությունյանը հիշեցնում է, որ այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ հարցը:

«Պատգամավոր Ա.Ռուստամյանի դիմումը վերաբերում էր ս.թ. նոյեմբերի 21-ին հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն: Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաև ես, գրում է Դավիթ Հարությունյանը: — «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի «ժբ» կետի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:

Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի:

Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով իր իրավունքները, հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:

82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներև երկուսը`

ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը`«Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների … նիստերում»,

բ. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»:

Հայտարարում եմ` Ն.Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել», — եզրափակում է Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Հայ ազգայի կոնգրեսի նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր ընտրական օրենսդրությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում էր սահմանել ԱԺ ընտրությունների անցկացում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով, ապահովել քվեարկության ընթացքի նկարահանում, կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով կիրառել մատների թանաքոտման պրակտիկան եւ այլն: Խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի, նախօրոք հայտարարեց, որ բոյկոտելու է արտահերթ նիստը: Նշված խմբակցությունները ողջ կազմով հրաժարվեցին մասնակցել նիստին, նույնիսկ նիստը վարող ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը հրաժարվեց գրանցել իր ներկայությունը: 

Նախորդ հոդվածը‘Վերին Լարսում տեղացած ձյան պատճառով մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ են խցանվել ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսում հազարավոր ցուցարարներ շարժվում են դեպի նախագահի նստավայրը ‘