‘Դավիթ Հարությունյան. ՀՀԿ-ն կողմ է հանձնաժողովի ստեղծմանը, միայն թե` իր նախապայմանները կատարելու դեպքում ‘

1296

iLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը

Պարոն Հարությունյան, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Հայ ազգային կոնգրեսի նախագիծը քննադատվեց ՀՀԿ-ականների կողմից, այնինչ` իշխանությունները խոստացել են համաձայնություն տալ այս ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀԿ-ական պատգամավորների այդ կեցվածքն ինչո՞վ էր պայմանավորված:

-Կան մարդիկ, որոնք դեմ են եղել այդ հանձնաժողովի ստեղծմանը եւ իրենց կարծիքն արտահայտել են նաեւ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկումների ժամանակ: Օրինակ` Կարեն Ճշմարիտյանը, որն ունի իր դիրքորոշումը եւ դեմ է այս հարցին: Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ելույթներին, ապա հիմնական հարցը, որի վերաբերյալ կա լուրջ անհամաձայնություն, օրինակ, հետեւյալ հարցի շուրջ` հանձնաժողովին իրավասություն տալ չավարտված մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի նյութերին ծանոթանա՞լ, թե՞ միայն տեղեկանքներ ստանալ, երկրորդը`դատախազներին հրավիրել-չհրավիրելու հնարավորությունը, որովհետեւ` ըստ Սահմանադրության, դատախազը համարվում է դատական իշխանության մաս, իսկ դատական իշխանությունն առանձին, անկախ իշխանություն է ու ԱԺ-ն չպետք է նրանց հրավիրելու իրավասություն ունենալ: Երրորդ հարցը` քննիչները ազատ պետք է լինեն չպատասխանելու հանձնաժողովի հարցերին, քանի որ պրոցեդուրալ սուբյեկտներ են: Սրանք են, կարծում եմ, այն հիմնական հարցադրումները, որ բարձրացվեցին ԱԺ-ում:

-Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ն մտափոխվի եւ հակառակ խոստմանը, դեմ քվեարկի ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագծին:

— Ես ասացի այն երեք հարցերը, որոնք բարձրացվել են: Ու եթե այս հարցերը լուծվեն այնպես, ինչպես պնդում է ՀՀԿ-ն, ապա կողմ կքվեարկենք:

— Ասում եք, որ ՀՀԿ-ն դեմ է ժամանակավոր հանձնաժողովին մինչդատական քրեական գործերի նյութերին ծանոթանալու եւ դատախազներին ու քննիչներին ԱԺ հրավիրելու լիազորություն տալուն: Եթե նման լիազորություն չտաք հանձնաժողովին, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն ստեղծելը:

— Իմաստ ունի, թե չունի հարցին ես կպատասխանեմ հետեւյալ կերպ. եթե այդ հանձնաժողովը հանրային վստահություն ունենա, ապա արժի օգտվել: Եթե հանձնաժողովի անդամներից ոմանք պնդեցին, որ չարժի օգտվել, ուրեմն` չարժի: Ես համոզված եմ` ինչ-որ մի պահի նման հանձնաժողով Հայաստանում ստեղծվելու է, որն ունենալու է հանրային ավելի մեծ վստահություն: Կլինի դա հիմա, 10 տարի հետո, թե 20 տարի հետո, միեւնույն է` պատմությունը ցույց է տալիս, որ նման հանձնաժողովներ ստեղծվում են: Եթե մեզ հաջողվեց այդ հանձաժողովը ստեղծել, եթե նա կատարեց իր առաքելությունը, շատ լավ: Եթե չկատարեց այդ առաքելությունը, ապա դա կլինի պարզապես հերթական ձախողված փորձ: Բայց դա չի նշանակում, որ մի օր նման հանձնաժողով չի ստեղծվի:

— Տեսակետ կա, որ իրավապահ մարմինների որոշ ղեկավարներ իրենք են դեմ այս հանձնաժողովի ստեղծմանը, քանի որ զգուշացած են ու անհանգստացած, եւ այդ անհանգստությունն ինքնաբերաբար փոխանցվեց ԱԺ ու դահլիճում արտացոլվեց:

— Ես չէի ուզենա մեկնաբանել նման տեսակետները. ինձ համար դրանք տարօրինակ տեսակետներ են: Եթե այդպես լիներ, ինչու պետք է մենք մեր հանձնաժողովում դրական եզրակացություն տայինք: Իսկ մենք հանձնաժողովի ստեղծմանը տվեցինք դրական եզրակացություն, որովհետեւ համարում ենք սա եւս մի շանս, որը բաց թողնել չի կարելի:

— Կարելի՞ է ենթադրել, որ անձամբ Դավիթ Հարությունյանը կողմ է, որ այս հանձնաժողովը ստեղծվի:

— ՀՀԿ-ն էլ է կողմ հանձնաժողովի ստեղծմանը, միայն թե` իր նախապայմանները կատարելու դեպքում:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Ա. Եղիազարյանը Հ. Բիշարյանին՝ Եթե նման բան չկա, առանց հիստերիայի մեջ ընկնելու, կարող եք հերքել նման լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ֆելիքս Մագատ. «Բավարիայի» դեմ «Բարսելոնան» ոչ մի շանս չունի’