‘Դավիթ Հարությունյան «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի պայմաններն արմատապես վերանայվում են (Տեսանյութ) ‘

1274

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ ՄԱնուկյանը հարց ուղղեց Որոտանի կասկադի վաճառքի եւ Եղվարդի ջրամբարի՝ շուրջ 13 տարի ձգձգվող կառուցման վերաբերյալ:

Նա նշեց, որ համաձայն 2015-ի բյուջեի նախագծի Որոտան կասկադում վերանորոգման աշխատանքների նպատակով գերմանական բանկից 323 միլիոն դրամ վարկ է նախատեսվում վերցնել:  

«2011-ին ԱԺ-ն ընդունել է օրենք Սեւանի վերականգնման մասին, որտեղ որպես հարցի լուծում նշվում է Եղվարդի ջրամբարի շահագործման հարցը: 2001-ից ի վեր Սերժ Սարգսյանի, ՀՀԿ նախընտրական ծրագրերի մեջ Եղվարդի ջրամբարի մասին նախընտրական խոստումներ են տրվել, անցած եւ գործող նախարարները, այլ պաշտոնյաներ դրա մասին խոսել են, եւ այսօր բյուջեում Եղվարդ անունը գոյություն չունի: Խնդրում եմ պատասխանել նաեւ այս հարցին՝ ո՞րտեղ է Եղվարդի ջրամբարը», — ասաց Մանուկյանը:

Ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ Որոտանի կասկադի վաճառքի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: «Մենք արմատապես վերանայում ենք այն պայմանները, որոնք նախկինում առկա էին: Գործարքն ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, սակայն բազմաթիվ հարցերով մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների», — նշեց նախարարը:

Ինչ վերաբորում է ջրամբարներին, ապա, ըստ Դավիթ Հարությունյանի, այդ նախագծերի իրագործումն ընթացքի մեջ է, եւ ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների միջոցներով:

Արձագանքելով պատասխանին՝ Արամ Մանուկյանը նկատեց, որ Որոտանի կասկադի համար պետությունն ամեն տարի նոր վարկեր է վերցնում:

«Ստացվում է, որ մենք վարկ ենք վերցնում, մեր պարտքերը մեծացնում ենք, մյուս կողմից՝ վաճառու՞մ ենք այդ օբյեկտները: Եղվարդի հետ կապված՝ արդեն որերորդ տարին է՝ նույն նախադասությունը հնչում է, թե Սեւանի անվտանգության համար որքան կարեւոր է: Բոլորս գիտենք դրա մասին: Ինչքա՞ն կարելիէ այս ամբիոնից ասել, որ նախագծա-նախահաշվարկային թվեր են ներկայացվում, բանակցություններ են վարվում», — հարցրեց պատգամավորը:

Դավիթ Հարությունյանը ի պատասխան նշեց, որ «իհարկե, կարելի է պարտք վերցնել, հետո՝ վաճարել օբյեկտը»:

«Լինում են դեպքեր, երբ պարտք են վերցնում, ներդրումներ են անում, հետո վաճառում են օբյեկտը:  Այդ ամենն արտահայտվում է գնի մեջ: Ինչ վերաբերում է Եղվարդի ծրագրին. Դուք իրավացի եք այն հարցում, որ այդ ծրագիրը երկար ժամանակ փաստացի դոփում էր տեղում: Այս կառավարության անունից ես կարող եմ առաջարկել՝ եկեք այս հարցին անդրադարձ կատարենք 2015-ի վերջին, եւ ես վստահ եմ, որ ձեր կողմից ոչ թե կլինի հարց, այլ կլինի հայտարարություն Կառավարության անունից, թե ինչ իրական քայլեր կատարվեցին ոչ միայն Եղվարդի, այլեւ մյուս ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այս կառավարությունը հայտարարել է դրա մասին, եւ վստահեցնում եմ Ձեզ, որ տարեվերջին ոչ միայն ասելիքներ կունենա դրա մասին, այլեւ ցույց տալու բաներ կունենա», — ասաց Դավիթ Հարութունյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականն արդեն Պորտուգալիայում է’
Հաջորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունները ապրում են ապագա սերնդի հաշվին’