‘
Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի համոզմամբ՝ պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրինագիծը իր զգալի մասով զուտ քաղաքական փաստաթուղթ է:
«Եվ հենց այն էլ արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա երկրում որոշումներ կայացնելու եւ պատասխանատվության տեսանկյունից», — նշեց նա:
Հարությունյանը հիշեցրեց Սինգապուրի օրինակը. երբ Սինգապուրում բարեփոխվում էր հանրային ծառայությունը, այդ երկրի վարչապետը հայտարարեց, որ ինքն աշխարհում ամենաբարձր վարձատրվող վարչապետն է, բայց իր ֆինանսական կարողություններով թերեւս ամենանվազ կարողություններն ունի:
«Նա ակնարկում էր, որ հարեւան երկրներում աշխատավարձերը պակաս են, բայց կոռուպցիայի մակարդակն անհամեմատ բարձր է», — նշեց պատգամավորը:
Նա նաեւ համաձայնեց ինչպես ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրայնի մոտեցման հետ` որ դատական իշխանությանն առանձնահատուկ մոտեցում պետք է ցուցաբերվի, այնպես էլ Արամ Մանուկյանի մոտեցման հետ, որ միայն աշխատավարձերով չէ, որ սահմանվում է դերակատարումը` պետք է նաեւ բովանդակային փոփոխություն լինի:
«Եթե եղավ միայն աշխատավարձերի փոփոխություն եւ բովանդակային փոփոխություն չեղավ, մենք որեւէ արդյունքի չենք հասնի», — ամփոփեց Դավիթ Հարությունյանը:
‘