‘Դավոսի փոխարեն՝ Ծաղկաձորում անցկացվող «Կամուրջ» տնտեսական համաժողովը ‘

1082

Շվեյցարիայի Դավոսում հունվարի 23-ին մենկարկել է ամենամյա տնտեսական միջազգային համաժողովը, որին այս տարի ևս Հայաստանը չի մասնակցի: Մեր տեղեկություններով` Հայաստանի վերնախավից ու գործարարներից ոչ ոք այս տարի ևս չի մասնակցի Դավոսի համաժողովին: Այսպիսով, մի քանի տարի անընդմեջ Հայաստանը չի մասնակցում միջազգային հեղիանավոր այս համաժողովին, իսկ իշխանությունները դա բացատրում են նրանով, որ չեն ցանկանում ավելորդ ծախսեր անել: Ավելին, մի առիթով էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը  հայտարարեց, որ Հայաստանի համար Դավոսը հետաքրքիր չէ:

Համաժողովին մասնակցում են աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում` այս տարի ևս կմասնակցեն մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը: Վրաստանից մասնակցելու է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իսկ Ադրբեջանից` Իլհամ Ալիևը: Համաժողովը լավ հնարավորություն է հեղինակավոր կազմակերպությունների հետ գործարար կապեր հաստատելու և երկիր ներդրումներ բերելու առումով, այնինչ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ Դավոսն իրենց համար հետաքրքիր չէ և սեփական «Դավոսն» է փորձում ստեղծել:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ծաղկաձորում անցկացվող «Կամուրջ» ամենամյա տնտեսական համաժողովը կարող է «Հայկական Դավոս» լինել: Նկատենք, սակայն, որ վերջին մի քանի տարիներին պարբերաբար անցկացվող այս համաժողովին այդպես էլ միջազգային հեղինակավոր մասնագետներ չմասնակցեցին, ավելին, համաժողովն անտեսում են նաև հայ գործարարների մեծ մասը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ Դավոսի համաժողովին մասնակցելու ծախսերն ավելի քիչ են, քան այն ծախսերը, որոնք տարբեր առիթներով անում են իշխանությունները: «Դավոսին որպես երկիր ներկայանալն արդեն իսկ լուրջ է: Եթե դու ներկայանում ես Դավոսում և կարողանում ես ինչ-որ ասելիք ունենալ, արդեն քեզ որպես երկիր շատ լուրջ են ընդունում, որովհետև պատահական մարդիկ չեն հավաքվում այնտեղ: Ես չմասնակցելը բացատրում եմ նրանով, որ ասելիք չունեն, ի՞նչ պետք է մեր երկիրն ասի: Իրենց տնտեսական չակերտավոր հաջողությունների մասին պետք է խոսեն, կոռուպցիայի դեմ պայքարում տարած հաջողությունների, աղքատության աճի, թե՞ արտագաղթի մասին պիտի խոսի: Ի՞նչ պիտի ասի, պիտի ասի, որ մրցակցային երկի՞ր է»,- հարցադրում է անում Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով` Դավոսի համաժողովն ունի իր ցուցանիշները, որոնց համաձայն, պետք է երկրներում արձանագրված հաջողությունների մասին խոսել: Նրա խոսքով` այս հաջողությունները չկան Հայաստանում, հետևաբար որևէ ցուցանիշով Հայաստանն այնտեղ ներկայանալի չի կարող լինել:

 

Վահագն Խաչատրյանը կարծում է, որ մեր երկրի ղեկավարությունը չի էլ ցանկանում մասնակցել համաժողովին: «Կոպիտ ասած`թքած ունեն բոլորի վրա: Ինչու իզուր տեղը չարչարվեն, գնան, ներկայանան, հետո եթե ներկայանում ես, նաև խնդիրներ են առաջանում, պարտավորությունների խնդիր է առաջանում: Դրա ժամանակն էլ է գալիս, տարբեր տեսակի պարտավորություններ կան, որոնց հետ կապված իրենց պետք է բացատրություններ տան, թե ինչ են արել: Վերջիվերջո, եթե երկրում խոշոր տնտեսական աճ է լինում, ո՞նց է լինում, որ մարդիկ երկրից գնում են կամ աշխատավարձ և կենսաթոշակ չի բարձրանում»,- ասաց նա:

Դավոսի համաժողովին մասնակցող երկրներն, ըստ տնտեսագետի, հասկանում են, որ երկիր ներդրումներ ներգրավելը կարևոր հարց է: Դա պետք է նաև Հայաստանին, սակայն իշխանությունները դրան լրջորեն չեն վերաբերվում: Ռեալ ցուցանիշներ, որոնք կվկայեն Հայաստանի զարգացման մասին, ըստ Վահագն Խաչատրյանի, այսօր չկան: «Կարող են ասել, որ Doing business-ի մասով առաջընթաց կա, բայց մարդիկ արդեն հոգնել են, դա բավարար չէ, որ երկրում առաջընթաց լինի, բավարար չէ, որ երկիրը համարվի ժողովրդավար»,- նշեց նա:

Նախորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. Հիմա ողջ Հայաստանն է երկրպագելու Սպարտակին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը առաջարկում է օրենքի լրացում, ըստ որի՝ ամուսնանալ կկարողանան նաև 16 կամ 17 տարեկանում’