‘
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարող են «նոր դարաշրջան» մուտք գործել, եթե Հայաստանը և հայկական սփյուռքը համարձակվեն «խիզախ քայլերի» գնալ, ինչպես այս տարվա ապրիլին հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն The Turkish Policy Quarterly ամսագրում հրապարակված հոդվածում նշել է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հիմք հանդիսանա հետագա քայլերի համար: Ըստ նրա՝ Էրդողանի ցավակցությունները չպետք է դիտարկել որպես կոնյուկտուրային քայլ, այլ պետք է ընկալել որպես նախերգանք, մարդկանց ուղեղում և հիշողություններում անցյալը փոխելու, կայուն խաղաղության վրա հիմնված ընդհանուր ապագա կերտելու կոչ՝ բոլոր կողմերին:
Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Երևանի և Անկարայի միջև նոր, առավել ամուր խաղաղություն կհաստատվի այն դեպքում, եթե քաղաքական գործիչները և մտավորականության ներկայացուցիչները իրենց ավանդը ներմուծեն երկու կողմի մարդկանց մեջ հոգեբանական պատնեշները հաղթահարելու հարցում, հակառակ դեպքում՝ երկուսն էլ կօգտագործվեն նրանց կողմից, ում ձեռնտու է շարուանակվող ստատուս-քվոն: Ընդ որում՝ թուրքական արտաքին գերատեսչության ղեկավարն անարդարացի է համարում, որ երկու երկրների ժողովուրդները մոռացել են բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հիշում են միայն պատմության բացասական էջերը:
Դավութօղլուի կարծիքով՝ 1915 թ. դեպքերի շուրջ «անարդարացի հիշողություն» ձևավորելը դրա ամենավառ օրինակն է: Եւ այդ համատեքստում նա կոչ է անում սկսել բաց և մշտական երկխոսություն երկու երկրների միջև: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման հարցում ծայրաստիճան կարևոր է «սոսկ հիշողություն» հասկացությունը: «Որպեսզի թուրքերն ու հայերը կարողանան գիտակցել իրենց հետ տեղի ունեցածը, անհրաժեշտ է փոխադարձ հարգանք միմյան հիշողության նկատմամբ: Հայերի համար 1915 թ. եղել է տեղահանման տարի, որի ընթացքում նրանց հետ մեծ ողբերգություն է կատարվել: Անատոլիայի թուրքերի համար թե՛ 1915 թ. առաջ և թե՛ հետո՝ եղել են ապրելու և անկախության համար մղվող պայքարի տարիներ: Իրականում՝ դրանք «ընդհանուր ցավի» տարիներ էին»,- ամփոփել է Դավութօղլուն:
‘