‘Դավութօղլու. 1915թ. «տեղահանությունը» անմարդկային եւ սխալ քայլ էր’

1029

Հայերի տեղահանությունը 1915 թվականին անմարդկային քայլ էր, եւ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, ըստ HurriyetDailyNews-ի` նախօրեին Երեւանում թուրք լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:   

Նա Երեւան էր ժամանել` մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության նախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում Դավութօղլուն հանդիպեց նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Մենք շատ գոհ ենք Նալբանդյանի հետ հանդիպումից, այն անկեղծ էր: Հիմնական նպատակը` երկխոսության մթնոլորտի ձեւավորումն է ուժեղ հիմքի վրա», — ասել է թուրք նախարարը`միաժամանակ հերքելով մամուլում հայտնված լուրերն այն մասին, թե նա Հայաստան է եկել` առաջարկելու Երեւանին «դուրս գալ Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններից»:

Դավութօղլուն հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ ընդհանուր գիտակցությունը կարող է կառուցվել «արդար հիշողության վրա»:

«Մենք ասում ենք` արդար հիշողություն: Այն, ինչ ես նկատի ունեմ` մենք պետք է փաստերն իմանանք: Այդ դեպքում մենք կտեսնենք, որ հայ-թուրքական հարաբերությունները ժամանակագրական առումով տարվերվում են (ավելի հին են) գերմանա-հրեական հարաբերություններից: Ամեն քայլափոխի ընդհանուր պատմություն կա: Այսքանը հաշվի առնելով՝ դուք կտեսնեք, ինչպես ես եմ տեսնում, որ տեղահանությունը (նկատի ունի Օսմանյան Թուրքիայի իրագործած ցեղասպանությունը-խմբ.) բացարձակ սխալ պրակտիկա էր: Դա անմարդկային էր», — ասել է Դավութօղլուն:

«Տեղահանությունների մասին պատմություն գրելիս այս (Թուրքիայի) կողմից կոլեկտիվ գիտակցություն է ձեւավորվել, թե հայերը դավաճանել են իրենց պետությանը (Օսմանյան կայսրությանը) եւ արժանի էին տեղահանության: Մենք պետք է վերացնենք այս երկու կոլեկտիվ գիտակցությունները: Մենք 2005-ին վերացրել ենք այն, բայց հայերը դեռ դրանում են», — ասել է թուրք նախարարը լրագրողներին:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման խնդրին՝ Դավութօղլուն նշել է, թե խնդիրը ոչ միայն սահմանը բացելն է, այլեւ համընդգրկուն խաղաղության համար ճանապարհ ստեղծող հիմք ձեւավորելը: Նրա խոսքով, համընդգրկուն խաղաղության հաստատումը պետք է հենված լինի երեք հիմնասյուների վրա` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները, Հարավային Կովկասի հակամարտությունների (այդ թվում` ԼՂ եւ վրաց-աբխազական) լուծումը եւ թուրքերի ու հայերի միջեւ հարաբերությունները:

«Եթե սյուներից մեկը կաղի, դա աղետի կհանգեցնի: Ասենք` մենք բացում ենք հայկական սահմանը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ սկսվի, մենք ստիպված կլինենք այն կրկին փակել: Ամենադժվարը ստատուս-քվոյի այսբերգը հալեցնելն է: Դա կարող է պատերազմի հանգեցնել», — շարունակել է Դավութօղլուն:

Նա նշել է նաեւ, թե պարբերական շփումների մեջ է հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, սակայն դրանք չեն լուսաբանվում, որպեսզի «ծայրահեղական հայերի հետ խնդիրներ չառաջանան»: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բուրժուազիայի լրջանալու պահը’
Հաջորդ հոդվածը‘«Կաֆելը տրաքում է» հնարքին հավատացած ոստիկանի գործով նախաքննությունը ավարտվել է’