‘Դատախազը պահանջում է խստացնել Վարդան Պետրոսյանի պատիժը’

1314

‘

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով կողմերի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի ժամանակ դատախազ Արթուր Սարգսյանը պահանջեց խստացնել Վարդան Պետրոսյանի պատիժը եւ նշանակել 8-10 տարի ազատազրկում: Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել առնվազն 6 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ երեք տարի ժամկետով նրան զրկել ավտոմեքենա վարելու իրավունքից: Իսկ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ սույն գործով առանցքային հարցը հանդիսացել է այն, թե որտե՞ղ է տեղի ունեցել ավտովթարը՝ ճանապարհի երթեւեկելի մասում, թե կողնակում: «Եթե տեղի է ունեցել ճանապարհի երթեւեկելի մասում, ապա Վարդան Պետրոսյանը այստեղ ոչ մի մեղավորություն չունի»,- նշել է փաստաբանը:

Նա չցանկացավ քննության առարկա դարձնել դատարանի կողմից թույլ տրված խախտումները, քանի որ, ըստ նրա, պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք դեռ չի ներկայացրել եւ դրանք մանրամասն կքննարկվեն վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

‘

Նախորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Հիմնականը թողել` երկրորդականի հետևից ենք ընկել’
Հաջորդ հոդվածը‘Նոր արագաչափեր՝ ապրիլի 27-ից’