‘Դատախազը Փոստանջյանի բողոքը հերքող ապացուցներ չունի’

942

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորը դատարան բողոք է ներկայացրել ընդդեմ քննիչ Օրդյանի և դատախազ Գեղամյանի, ովքեր մերժել էին Փակ շուկան այլ շինությունով փոխարինելու դեմ հարուցված բողոքը ընդունել վարչական վարույթ և այդ առիթով քրեական գործ հարուցել:

«Փակ շուկայի» գործում բացակայում էր շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարական թույլտվությունը, որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկար նաև քանդման թույլտվություն, փոխարենը առկա էր միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները: Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը:

Զարուհի Փոստանջյանի փաստաբան Հերմինե Միքայելյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա դատական նիստին դատախազը, ով մեկ ամիս ժամանակ էր խնդրել պատրաստվելու համար, եկավ ձեռնունայն և ոչինչ չկարողացավ ասել, որին ի պատասխան դատավորը հայտարարեց, որ հաջորդ անգամ դատախազի և քննիչի՝ առանց որևէ հիմնավորման ներկայանալու դեպքում, կհեռանա խորհրդակցական սենյակ:   

«Արդեն երեք ամիս է, ինչ գործը միտումնավոր ձգձգվում է: Եթե դատարանը առաջնորդվի օրինական հիմունքներով, ապա միանշանակ քննիչի և դատախազի որոշումը կմերժվի»,- հավելեց փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին:

Նախորդ հոդվածը‘ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է Carrefour ֆրանսիական ռիթեյլերի` Հայաստանում հաստատվելու ծրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Լոռու մարզում բնակարանաշինության ծրագիրը ընդհատվել է’