‘Դատախազությունը խճճվում է իր հյուսած սարդոստայնում. «Հրապարակ»’

1171

Դատախազությունն ուղղակի վատ էր պատրաստվել լրատվամիջոցների դեմ իր իսկ հայտարարած պատերազմին եւ սխալը սխալի հետեւից է թույլ տալիս: Նախ, առանց որեւէ հիմնավորման, «բազմակողմանի քննություն իրականացնելու» հերթապահ պատճառաբանությամբ քրեական գործ հարուցեց, ինչն ավելի վաղ մերժել էր, համարելով, որ հանցակազմ չկա: Նպատակը մեր թերթին եւ iLur.am կայքին, որոնք առաջինն էին գրել Շիրակի ոստիկանապետ Նադարյանի կողմից մարզիկ Ալեքսանյանի նկատմամբ բռնություն կիրառելու մասին, դատական քաշքշուկի մեջ ներքաշելն էր, մյուս լրատվամիջոցներին էլ՝ դաս տալը: Երկրորդ. առանց լրատվամիջոցներին տեղյակ պահելու դատարան էր մտել եւ Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանից աղբյուրի բացահայտման որոշում կորզել: Իսկ երեկ դատախազության ներկայացուցիչը նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ չէր բերել վերաքննիչ դատարան, որտեղ երկու լրատվամիջոցները բողոքարկում են աղբյուրի բացահայտման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Դատավոր Եվա Դարբինյանը ստիպված էր կրկին հետաձգել նիստը, դատախազի փաստաթուղթ չունենալու պատճառով: Նախորդ նիստին, հիշեցնենք, ոչ դատախազ էր եկել, ոչ քննիչ, իսկ լրագրողներին ներս չթողեցին: Երեկ դատավորը չեղյալ համարեց իր ավելի վաղ կայացրած որոշումը՝  դատավարությունը դռնփակ անցկացնելու մասին, բավարարելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ փաստաբանների միջնորդությունը: Այնպես որ, հաջորդ նիստին՝ օգոստոսի  20-ին, ժամը 14։00-ին լրագրողները, ամառային արձակուրդներին կազդուրված եւ առողջացած, կազմ-պատրաստն կներկայանան վերաքննիչ դատարանի նիստը լուսաբանելու եւ պաշտպանելու իրենց իրավունքները: Նաեւ ՀՀ քաղաքացիներին, որոնք հաճախ են կարիք ունենում խոսելու լրագրողների հետ, բայց մեր իրականության մեջ միշտ չէ, որ համարձակություն են ունենում հայտնել իրենց անունը, վախենում են պետական մարմինների, այս աշխարհի հզորների ճնշումներից, եւ այդ վախը պատճառաբանված է, թեեւ արդարացնել այն, իհարկե, չի կարելի: Ի դեպ, հետաքրքիր է, որ Շիրակի ոստիկանապետի հետ միջադեպի գլխավոր հերոսը՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մինչ օրս լռում է դրա մասին: Ոչ հերքում, ոչ էլ մեկնաբանություն թեմայի շուրջ չի տալիս:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Տավեկյոն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահն է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Ի դեմս Սերժ Սարգսյանի` մենք ունենք անվտանգության լրջագույն խնդիր’