‘
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած արյունոտ միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն ստացել է Դատախազություն հասցեագրված իր նամակների պատասխանները, փոխանցում է News.am-ը:
Գլխավոր դատախազություն ուղարկված առաջին գրությամբ փաստաբանը խնդրում էր իրեն տրամադրել տեղեկություն, թե արդյոք մամուլում եղած հրապարակումներից որեւէ մեկը, որոնցով հիշատակվում է Սյունիքի նախկին մարզպետի անունը, դիտվե՞լ է որպես հանցագործության մասին հաղորդում, թե՞ ոչ, քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ: Այս նամակին ի պատասխան, Հայկ Ալումյանի փոխանցմամբ, իրեն հայտնել են, որ տեղյակ չեն` ինչ հրապարակումների մասին է խոսքը: Դրանից հետո նա ստիպված է եղել դատախազություն ուղարկել հրապարակումների մի մասը, ինչին ի պատասխան` հայտնել են, որ այդ նամակը հասցեագրվել է Հատուկ քննչական ծառայությանը: Հատուկ քննչական ծառայությունից, սակայն, Հայկ Ալումյանը, որեւէ պատասխան չի ստացել:
Հայկ Ալումյանի կողմից դատախազություն մուտք եղած հաջորդ դիմումը վերաբերում էր զինվորական դատախազին, արդյոք նրա անունից տարածված տեսակետները հանդիսանո՞ւմ են դատախազության պաշտոնական տեսակետ, թե՞ ոչ, արդյոք նա ի պաշտոնե նման հայտարարություններ անելու լիազորություններ ունի՞, թե՞ ոչ:
Հայկ Ալումյանի, նամակին ի պատասխան, հայտնել էին, թե «դա տեղեկատվություն է, ոչ թե տեսակետ, եւ քանի որ այդ գործը հասարակական մեծ հնչեղություն ունի, պարոն Կոստանյանը նման տեղեկություններ է տրամադրել»:
Հիշեցնենք, որ զինդատախազ Գեւորգ Կոստանյանը միջադեպից մի քանի օր անց ներկայացնում էր մարզպետի տան բակում տեղի ունեցածի իր վարկածըտ, ըստ որի՝ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
‘