‘
ՀՀ գլխավոր դատախազությունը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հանցագործության մասին հաղորդում չի ստացել, իսկ ստանալու դեպքում, պատշաճ կարգով ընթացք կտրվի: Այս մասին tert.am–ին հայտնեl է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը՝ ի պատասխան հարցի, թե դատախազությունում քրեական գործ հարուցվելո՞ւ է Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի մասնավոր զրույցը գաղտնալսելու, ձայնագրելու և այն Youtube-ում տեղադրելու փաստի առթիվ:
Հիշեցնենք, որ երեկ Լևոն Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, առանձնազրույցի գաղտնալսման, և այն Youtube–ում տեղադրելու համար մեղադրել է Ազգային անվտանգության ծառայությանը և պահանջել է պատասխանատվության ենթարկել հեղինակներին։
«Իշխանություններին պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն չտալու նկատառումով առաջարկում եմ դատախազությանը ընդունել սույն հայտարարությունը որպես հաղորդագրություն հանցագործության մասին և պահանջում եմ քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման և դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»,- ասված էր Լևոն Զուրաբյանի հայտարարության մեջ:
Ի պատասխան հարցի, թե լրատվամիջոցներով տպագրված հայտարարությունը չի՞ դիտվում իբրև հաղորդագրություն հանցագործության մասին, Սոնա Տռուզյանը նշեց. «Ֆիզիկական անձանց կողմից հաղորդում ներկայացնելու ընթացակարգը հստակ սահմանված է Քրեական դատավարության օրենսգրքում. անձը, երբ ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին, նրան բացատրվում են իր իրավունքներն ու պարտականությունները»:
Սոնա Տռուզյանը հավելեց, որ առանց ֆիզիկական անձի դիմումի նման իրավասություն չունեն, իսկ եթե նա դիմի, ապա Դատախազությունը սահմանած կարգով հաղորդմանն ընթացք կտա՝ որոշելով, թե քննչակա մարմինը պետք է ստուգի հաղորդման մեջ նշված հանգամանքները։
Նշենք, որ ԱԱԾ–ն այսօր հերքել էր Զուրաբյանի մեղադրանքը՝ նշելով, որ կապ չունի այդ մասնավոր զրույցի գաղտնի ձայնագրման և համացանցում դրա տարածման հետ։
‘