Դատախազ․ Լենինգրադի բլոկադայում զոհվել է մեկ միլիոնից ավելի մարդ

202

Լենինգրադի բլոկադայի զոհերի թիվը մեկուկես անգամ ավելի է պաշտոնական վիճակագրությունից՝ ավելի քան մեկ միլիոն մարդ, հայտարարել է Սանկտ Պետերբուրգի դատախազ Վիկտոր Մելնիկը դատական առաջին նիստում, որտեղ քննվում է բլոկադան սովետական ժողովրդի գենոցիդ ճանաչելու վերաբերյալ հայցը։

Մելնիկը հիշեցրել է, որ պաշտոնական վիճակագրությունը, որը հիմնված է գերմանաֆաշիստական զավթիչների և նրանց համախոհների չարագործությունների բացահայտման և հետաքննության Լենինգրադյան շրջանային հանձնաժողովի տվյալների վրա, նշում է 649 հազար զոհի մասին։

«Արխիվային և վիճակագրական փաստաթղթերի հետազոտման միջոցով քաղաքի դատախազությունը պարզել է, որ բլոկադայի ընթացքում շատ ավելի մեծ թվով զոհեր են եղել. ըստ հաշվարկների՝ մեկ միլիոնից ավելի»,- ասել է դատախազը։

Լենինգրադի բլոկադան սկսվել է 1941 թ․ սեպտեմբերի 8-ին և տևել է 872 օր։ Դա նացիստների ամենաակնառու ռազմական հանցագործություններից մեկն էր Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Դատախազությունում նշում են, որ հիտլերականները գործի են դրել սովահարության պլանը, որը մահվան է դատապարտել հարյուր հազարավոր լենինգրադցիների, նաև դիտավորությամբ ավերել են քաղաքը՝ նրա վրա նետելով ավելի քան 150 հազար արկ և 107 հազար ռումբ։

Լենինգրադի բլոկադան ցեղասպանություն ճանաչելու հայցով դատավարությունն սկսվել է սեպտեմբերի կեսին։ Մինչ այդ նացիստների գործունեությունը ցեղասպանություն է ճանաչվել Նովգորոդյան, Պսկովյան, Ռոստովի, Բրյանսկի, Օռլովի մարզերի, Կրասնոդարի մարզի և Ղրիմի դատարաններում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓարիզը և ևս 5 քաղաք բոյկոտում են ԱԱ-2022-ը
Հաջորդ հոդվածըԼավրով․ Արևմուտքը պետք է ըմբռնի նոր իրականությունը