‘Դատական նիստը հետաձգվել է, դատարանում, սակայն, դեռ թեժ է ‘

745

Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների վերաքննիչ բողոքի քննարկումը: Չնայած այսօրվա դատական նիստն արդեն ավարտվել է, սակայն, դատարանի դահլիճում իրավիճակը թեժ էր. քաղաքացիները երկար ժամանակ շարունակում էին մնալ դատարանի դահլիճում եւ իրենց վրդովմունքն էին արտահայտում դատախազի եւ դատավորի կողմնակալ կեցվածքի կապակցությամբ: 

Հիշեցնենք, որ այսօրվա նիստը բավականին սուր ընթացք է ունեցել: Դատավորը դահլիճից հեռացրել էր 4 ակտիվիստներից 3-ին: Դատավոր Արմեն Դանիելյանն առաջինը դատարանից հեռացրել էր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով դատարանում իր վրդովմունքն էր արտահայտել այն կապակցությամբ, որ դատարանը իրար հետեւից մերժում է ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները: Դատավորի այդ քայլից հետո, որպես բողոքի նշան` դատարանի դահլիճը լքել էր փաստաբան Վահե Գրիգորյանը: Դրանից հետո տեղի ունեցածի կապակցությամբ իր վրդովմունք էր արտահայտել ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, ում դատավորը եւս հեռացրել էր դահլիճից: Քիչ անց էլ դատավորը հեռացրել էր Դավիթ Քիրամիջյանին: Դատարանում մնացած 4-րդ ակտիվիստ Արտակ Կարապետյանը հրաժարվել էր վերջին խոսքից, եւ դատական նիստը հետաձգվել է մինչեւ վաղը` ժամը 12-ը: Վաղը դատավորը պետք է ընթերցի վճիռը: Այս պահին իրավիճակը թեժ է նաեւ դատարանի շենքի մոտ: Դատարանի մոտ հավաքված քաղաքացիները շարունակում են այնտեղ մնալ եւ վանկարկել «Ազատություն»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին Կարապի լճի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանը անազատության մեջ է: 4 ակտիվիստները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են իրենց վերաբերյալ կայացված վճիռը:

Նախորդ հոդվածը‘Դատավորը հեռացրել է 3 ակտիվիստներին, փաստաբանը լքել է դահլիճը ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանցի զինյալներն աջակցում են Սիրիայի ընդդիմությանը ‘