‘Դատապարտյալը ահազանգում է, որ վախենում է իր կյանքի համար’

1219

Երեկ լրատվամիջոցներից մեկում տարածված դատապարտյալի նամակի հետքերով Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Հաբեթ Մարտիրոսյանն ու Ազատ Գալստյանը հանդիպել են «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արտակ Հակոբյանին, հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

Դատապարտյալը Պաշտպանին դիմում է ներկայացրել, որով հայտնել է, որ 2012թ.-ի դեկտեմբերի 28-ին առողջական խնդիրներից ելնելով «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմից պահանջել է «յամեր» հետազոտություն, ինչի համար նրան ծեծել են և մեկ օր պահել պատժախցում, նա հայտնել է նաև, որ ծեծի ենթարկվելու ընթացքում գլխով հարվածել է խցի պատուհանի ապակուն:

Հաջորդ օրն Արտակ Հակոբյանին տեղափոխել են «Հրազդան» ՔԿՀ, որտեղ ևս 15 օր պահել են պատժախցում՝ ոսկյա իրեր կրելու համար: Նշենք, որ Արտակ Հակոբյանը արագ արձագանքման բաժնի աշխատակիցների հետ զրույցի ընթացքում հայտնել է, որ մինչ օրս գտնվում է պատժախցում իր իսկ կամքով, թեև պատժի 15-օրյա ժամկետը լրացել է: 

Դատապարտյալը դիմումով հայտնել է նաև, որ «Հրազդան» ՔԿՀ-ում անձնական թշնամություն ունի օպեր գծով պետ Մաթևոսյանի հետ, ով «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալի բարեկամն է, ում հետ Արտակ Հակոբյանն ունեցել է կաշառքի հետ կապված խնդիրներ: 

Այժմ դատապարտյալը խնդրում է Պաշտպանի աջակցությունն իրեն այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու հարցում, քանի որ «Հրազդան» ՔԿՀ-ում վախենում է իր կյանքի համար: 

Հիշեցնենք, որ Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 27-ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հանդիպել էին դատապարտյալ Արտակ Հակոբյանին, ով առողջական խնդիրների պատճառով կարել էր աչքերն ու վնասել թևերը:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայի աննախադեպ շոգերը հատել են 150-ամյա ռեկորդի շեմը’
Հաջորդ հոդվածը‘Զինդատախազությունը համաձայն չէ Մատաղիսի գործով արդարացման հետ’