‘Դատավարություն՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի իրականացրած շինարարության’

1479

2013 թվականի մարտի 21-ին, ժամը 11:00-ից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի՝ Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում (լամպերի գործարանի հարևանությամբ) գտնվող մասնաշենքում տեղի է ունենալու դատաքննություն:

Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դիվելոփեր» ՍՊ ընկերությունը Երևանի Աբովյան 3 (ԱՕԿՍ-ի շենք) և 3/1 հասցեներում գտնվող պատմա-մշակութային հուշարձան հանդիսացող շենքերից մոտ 80 սմ. հեռավորության վրա կառուցում է բարձրահարկ հյուրանոցային համալիր, որը սպառնում է հուշարձանների հետագա գոյությանը:

Աբովյան 3 և 3/1 հասցեների սեփականատերերը դատարան հայց են ներկայացրել՝ ՀՀ գործող քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացվող շինարարությունը դադարեցնելու պահանջով: Գործը քննում է դատավոր Կարինե Պետրոսյանը:

Ի պատասխան հայցվորների հարցումների, ՀՀ քաղաքաշինության նախարարը պատասխանել է, որ վիճելի շինարարությունը իրականացվում է ՀՀ գործող թվով երկու քաղաքաշինական նորմերի խախտմամբ՝ հակահրդեհային և սեյսմիկ անվտանգության՝ պարտադիր կանոնների խախտմամբ: Նույն պատասխանն է տվել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հայաստանի ճարտարապետների միությունը ևս հաստատել է խախտումների առկայությունը և ի լրումն դրան հայտնել է նաև, որ շենքի նախագիծ հաստատելիս Երևանի քաղաքապետարանը հարցը չի դրել քաղաքաշինական խորհրդի քննարկմանը:

Չնայած սույն փաստերի, դատարանը հերթական անգամ մերժում է հայցվոր կողմի միջնորդությունները և արգելանքի չի վերցնում ՀՀ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացվող շինարարությունը:

Նշենք նաև, որ պատասխանող կողմը առարկում է դատական նիստը ձայնագրելու առաջարկին:

 

 

Նախորդ հոդվածը‘Համանախագահները ԼՂ-ում պատասխանում են լրագրողների հարցերին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Աբիդալը վիրահատությունից հետո առաջին հանդիպումն է անցկացրել. Տեսանյութ’