‘Դատավարություն. ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստի ‘

1555

Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ 2015 թվականի սեպտեմբերի 12-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Տիգրան Մազմանյանի գործով դատական նիստը: Նշենք, որ ոստիկանությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով Տիգրան Մազմանյանին վարչական տույժի ենթարկել՝ 2015-ի սեպտեմբերի 12-ին, իբր, ոստիկանության աշխատակցի օրինական պահանջը չկատարելու համար:

Ակտիվիստի ներկայացուցիչ, փաստաբան Արա Կարագյոզյանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները:

iLur.am-ի հետ զրույցում Տիգրան Մազմանյանն ասաց, որ այսօրվա դատական նիստի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչը՝ որպես ապացույց դատարան է ներկայացրել իրենց տեսաձայնագրությունը: «Այնուհետև, մենք նույնպես ներկայացրինք մեր ապացույց տեսասկավառակը, որտեղ երևում է, որ ոստիկաններն ապօրինաբար խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկում մայթերից»,- ասաց Տիգրան Մազմանյանը:

Այսօրվա դատական նիստում Տիգրան Մազմանյանի փաստաբան Արա Կարագյոզյանը դատավորին տեղեկացրել է, որ իր պաշտպանյալին բերման ենթարկելուց հետո՝ ոստիկանության բաժանմունքում նրան չեն ներկայացրել իր իրավունքները:

Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 31-ին, ժամը 17:00-ին, որի ժամանակ դատավորը պետք է վճիռ կայացնի:

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ պայքարող քաղաքացիները փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան, իսկ հաջորդ օրվա առավոտյան ՝ ժամը 05:30-ի սահմաններում, ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայից բերման էին ենթարկել 48 քաղաքացիների, որոնց ոստիկանությունում երեք ժամ պահելուց հետո ազատ էին արձակել:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են «Ավրորա» մրցանակի 4 հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» – «Դինամո Կիեւ» 0-0․ Մանչեսթերյան ակումբը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ (տեսանյութ)’