‘Դատավորը հեռացրել է 3 ակտիվիստներին, փաստաբանը լքել է դահլիճը ‘

1366

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվող Հայ ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստների դատավարությունը սուր ընթացք է ունեցել: Այս պահին դատարանից հեռացված են 4 ակտիվիստներից 3-ը:

Դատավոր Արմեն Դանիելյանն առաջինը դատարանից հեռացրել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ով դատարանում իր վրդովմունքն էր արտահայտել այն կապակցությամբ, որ դատարանը իրար հետեւից մերժում է ակտիվիստների փաստաբանների բոլոր միջնորդությունները: Դատավորի այդ քայլից հետո որպես բողոքի նշան` դատարանի դահլիճը լքել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Դրանից հետո տեղի ունեցածի կապակցությամբ իր վրդովմունք է արտահայտել ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, ում դատավորը եւս հեռացրել է դահլիճից: Քիչ անց էլ դատավորը հեռացրել է Դավիթ Քիրամիջյանին: Այս պահին դատարանի դահլիճում են գտնվում միայն փաստաբան Ստեփան Ոսկանյանն ու ակտիվիստներից` Արտակ Կարապետյանը: Դահլիճում ներկա քաղաքացիներն իրենց վրդովմունքն ու դժգոհությունն են հայտնում դատավորի ակնհայտ կողմնակալ կեցվածքի կապակցությամբ: 

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին Կարապի լճի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Սարգիս Գեւորգյանը դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման: Տիգրան Առաքելյանը անազատության մեջ է: 4 ակտիվիստները Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում են իրենց վերաբերյալ կայացված վճիռը:

Նախորդ հոդվածը‘Ռիբերիի խոսքը ալեկոծել է Ֆրանսիան’
Հաջորդ հոդվածը‘Դատական նիստը հետաձգվել է, դատարանում, սակայն, դեռ թեժ է ‘