‘Դատավորը հստակեցրել է, թե ինչի հիման վրա է կալանավորել «էպոսագետին»’

1548

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը, որի որոշմամբ է կալանավորվել նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը,  երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ ԸՕ-ի 87-րդ հոդվածի 6-րդ մասը չի՞ հակասում իր կողմից կայացրած որոշմանը, խիստ ուշագրավ պատասխան է տվել. «Այդ նույն հոդվածի առաջին մասին ես ահագին ուշադրություն եմ դարձրել նաև մասնագետներն էլ են նայել, առաջին մասը, որ ուշադիր կարդաս կտեսնես, որ բացառում է։ Ես այդ հարցը բարձրացրի, հետո ես էլ ուշադիր նայեցի աոաջին մասին, առաջին մասը արդեն բացառում է վերջին 87-րդ հոդվածի 6-րդ մասը։ Առաջին մասն այդ իրավունքը հանել է, այսինքն առանց հանձաժողովի թույլտվության, եզրակացության արդեն կարող են ներկայացնել կալանքի»։ Այսինքն. ՀՀ ԸՕ այն դրույթը, որի հիման վրա Սեդրակյանը, որպես նախագահի թեկնածու անձեռնմխելի էր, ըստ դատավորի, թեկնածուին զրկել էր անձեռնմխելիությունից։ Սակայն, ինչքան ուզում ես կարդա ԸՕ այդ հոդվածը, միևնույն է անհասկանալի է, ոնց եղավ, որ առաջին մասն հանում է թեկնածուի անձեռնմխելիությունը:

Ճիշտ է iLur.am-ը արդեն բազմիցս անդրադարձել է ԸՕ այն հոդվածներին, որոնք հստակ սահմանում են, որ նախագահի թեկնածուին կարելի է կալանավորել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ, սակայն դատավոր Էդիկ Ավետիսյանի բացատրությունից հետո ստիպված ենք ևս մեկ անգամ մեջբերել ԸՕ դրույթները.

Համաձայն Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի՝    «… իրավունքները և պարտականությունները Հանրապետության Նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը»:

ԸՕ նույն հոդվածի 6-րդ կետը սահմանում է. «Հանրապետության Նախագահի թեկնածուն … կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Այսքանից հետո, ստիպված ենք դատավոր Էդիկ Ավետիսյանին խորհուրդ տալ ավելի ուշադիր կարդալ օրենքները, որ տեսնի, որ իր կայացրած որոշումը ոչ մի կապ չունի գործող օրենսդրության հետ:

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամը շնորհավորել է կանանց’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վրաստանը գտնվում է մեծ ճնշման ներքո’