‘Դատավորը որոշ ժամանակով կասեցրեց Լիսկայի գործով բողոքի վարույթը’

670

Փետրվարի 5-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը որոշում կայացրեց Բուդաղյանների գործով բողոքի վարույթը կասեցնել մինչև գործին առնչվող նյութերը տրամադրվեն դատարանին, տեղեկացնում է forrights.am-ը:

Հիշեցնենք, որ Բուդաղյանների ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ և Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

Մի քանի ամիս տևած դատական նիստերի ընթացքում այդպես էլ չսկսվեց փաստաբան Ալումյանի բերած բողոքի քննությունը, պատճառն այն է, որ նախաքննական մարմինն ամեն անգամ հրաժարվում է բողոք բերած կողմին, ինչպես նաև դատարանին ներկայացնել բողոքին առընչվող գործի բոլոր նյութերը։ Քննչական մարմինը ի դեմս քննիչ Ղազարյանի և դատախազ Հարությունյանի ամեն անգամ վկայակոչում է քր օրենսգրքի 90-րդ հոդվածը՝ նշելով, որ անկախ իր ցանկությունից օրենքն իրեն թույլ չի տալիս դատարանին հանձնել գործով բոլոր նյութերը, քանի որ նախաքննությունը դեռևս շարունակվում  Արտակ Բուդաղյանի մասով։ 

Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ որոշումը անսպասելի էր իր համար։ «Փաստորեն դատարանը գտավ որ առանց այդ նյութերի ինքը չի կարող այդ քննությունն իրականացնել։ Բայց փոխանակ քննիչից պահանջի նյութերը, ինքը որոշեց քննությունը կասեցնել, մինչև քննիչն ինքը նյութերը ներկայացնի դատարան»,- դատավոր Բեկթաշյանի հրապարակած որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ կարծիք հայտնեց փաստաբան Ալումյանը՝ ընդգծելով, որ իրենց կողմն ամբողջությամբ ընկավ «քննիչի դիկտատուրայի տակ»։

Նախորդ հոդվածը‘Մարինե Պետրոսյանի անդրադարձը iLur.am-ի խմբագրականին’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’