‘Դատավորը «copy paste» է արել քննիչի միջնորդությունը. Վարդան Պետրոսյանի փաստաբան’

1194

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, կվիճարկվի դերասան Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Դրանից բացի՝  պաշտպանական կողմը այսօր Վերաքննիչ դատարան բողոք կներկայացնի՝ կապված Վարդան Պետրոսյանի կալանքը երկամսյա ժամկետով երկարաձգելու մասին:

Նիկոլայ Բաղդասարյանը, ուսումնասիրելով դատարանի որոշումը և քննիչի միջնորդությունը, շեշտել է, որ դրանք նույնաբովանդակ են այն աստիճանի, որ այն տառասխալները, որ թույլ է տվել քննիչը իր որոշման մեջ, առկա են նաև դատարանի որոշման մեջ:

«Ակնհայտ է, որ copy paste են արել, մինչ նիստը դատավորը հանդիպել է քննիչի հետ, ստացել էլեկտրոնային տարբերակը, որի իրավունքը չուներ, այսինքն՝ դատավարության ելքը լուծվել էր մինչև նիստի սկսելը:

Քննիչի գրածը copy paste  է արել նաև պատճառաբանական մասում: Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառված որոշումը ցույց է տալիս, որ ոչ մեկս վստահություն չունենք այս երկրում, որ նույնը մեզ հետ չի լինի»,- ասել է փաստաբանը NEWS.am-ի հետ զրույցում:

Կայքը հիշեցնում է, որ հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար և Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Դրանից հետո նշանակված նոր քննիչը՝ Դավիթ Մարտիրոսյանը, դիմել էր Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար, ինչը բավարարվել է:

Նախորդ հոդվածը’11 օր հանգստանալու որոշում կայացնողները պոֆիգիստ ու հիմար են. Հրանտ Բագրատյան’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետ Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստն՝ այսօր’