‘Դատավորի անտեղյակությո՞ւն, թե՞ Ռուբեն Հայրապետյանի «պրոտեկցիոնիզմ»’

1134

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 20-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատավարությունը, որի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց՝ պահանջելով նյութական եւ ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Ինչպես դատավարության կողմերի, այնպես էլ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար անակնկալ էր այսպիսի շրջադարձը: Ի պատասխան տուժող կողմի ներկայացուցչի՝ քաղաքացիական հայց ներկայացնելու հայտարարությանը՝ դատավորը հակադարձեց՝ նշելով, որ դատական վիճաբանությունների փուլում, մասնավորապես, ռեպլիկի իրավունքից օգտվելու ընթացքում դատավարության մասնակիցները նոր փաստաթղթեր, ապացույցներ եւ քաղաքացիական հայց չեն կարող ներկայացնել. դա կարող է տեղի ունենալ բացառապես դատաքննության ժամանակ: «Իսկ եթե կողմը ցանկանում է ներկայացնել հայց, ապա նախ հարկավոր է ներկայացնել միջնորդություն՝ դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ եւ միայն այդ միջնորդությունը բավարարելուց հետո նոր կարող է քննարկվել քաղաքացիական հայցը»,- նշեց դատավոր Դավիթ Հարությունյանը:

Անհրաժեշտ է նշել, որ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի՝ սկսած քրեական գործի հարուցումից մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ: Սույն օրենքը դատարանում Տիգրան Եգորյանի կողմից մեջբերվելուց հետո, դատավորը պնդեց, որ ներկայացվի համապատասխան միջնորդություն այն պարագայում, երբ տվյալ միջնորդությունը մերժման ենթակա  չէ. դատաքննությունը պետք է վերսկսվի դատավորի սեփական նախաձեռնությամբ: Այսինքն՝ դատավորի պատճառաբանությունը, որի համաձայն կողմը իրավունք չուներ այդ պահին քաղաքացիական հայց ներկայացնելու՝ չի բխում օրենքից, ավելին՝ օրենքով նախատեսված չէ քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորություն դատաքննությունը վերսկսելու միջնորդություն ներկայացնելու և դատարանի կողմից այն բավարարելու դեպքում, իսկ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «… Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:» Քրեական դատավարությունը չի նախատեսում դատարանի լիազորություն սահմանափակելու կողմի քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքը, ավելին ՀՀ քրեական դատավարության 20-րդ գլխի և քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթների համալիր վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ դատարանը քաղաքացիական հայցը ստանալուց հետո պետք է եռoրյա ժամկետում լուծեր այն վարույթ ընդունելու հարցը միաժամանակ անդրադառնալով նաև հայցի ապահովման միջնորդության քննությանը, այնինչ, ինչպես տեսնում ենք, դատարանը դրսևորեց ինքնագործունեություն և նիստը հետաձգեց մոտ 20 օրով անհեթեթ պատճառաբանությամբ: Ելնելով վերոգրյալից` կարելի է ասել, որ դատարանը խախտում է թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ քրեական դատավարության օրենսգիրքը: Այդուամենայնիվ, Եգորյանը, ղեկավարվելով  քր. դատավարության 158-րդ հոդվածով, ներկայացրեց տուժող կողմի քաղաքացիական հայցը:

Ինչպե՞ս բացատրել դատավոր Հարությունյանի կողմից օրենքի սխալ մեջբերումը: Դա անտեղյակության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի ապացո՞ւյց էր (հիշեցնենք, որ «Հարսնաքարի» գործը դատավոր Հարությունյանին հանձնելու ժամանակ նա ուներ մեկ տարվա չհասնող աշխատանքի փորձ), թե՞ Ռուբեն Հայրապետյանի «պրոտեկցիայով» զբաղվողների հետ հետագա գործողությունները քննարկելու և համաձայնեցնելու անհրաժեշտություն, այսինքն՝ գծված ճանապարհից անսպասելի շեղում, որը թույլ չտալու համար դատավորը ընտրեց վերը նշված տարբերակը՝ փորձելով արհեստականորեն բավականին երկար ժամանակով նիստը հետաձգել:

Նախորդ հոդվածը‘Լևոն Զուրաբյան. Իշխանությունները անհանգստացած են (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քր. գործ’