‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Եվա Դարբինյանին նախագահությամբ հրաժարվեց քննության առնել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը՝ փոխել Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը:
Դարբինյանը տուժող Շահեն Հարությունյանի հարցաքննությունից անմիջա պես հետո հայտարարեց, որ դատաքննությունն ավարտված է եւ առաջարկեց կողմերին նախապատրաստվել եզրափակիչ ճառերի փուլին: Տիգրան Առաքելյանը վրդովվեց դատարանի նման կեցվածքից եւ հայտարարեց, որ հրաժարվում է օգտվել համաներումից:
Դահլիճի «ամո՛թ» վանկարկումների ներքո դատարանը առանց որեւէ հայտարարություն անելու բառացիորեն փախավ դահլիճից: մի քանի րոպե անց վերադառնալուց հետո Եվա Դարբինյանը հայտարարեց, որ եզրափակիչ ճառեր համար կողմերին երկու օր է տալիս եւ հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 11-ին:
Դահլիճն այս հայտարարությունը եւս դիմավորեց բողոքի վանկարկումներով:
Ի դեպ, նիստի ընթացքում, երբ Տիգրան Առաքելյանը կոչ արեց մեղադրող դատախազին հոդաբաշխ խոսել, դատավոր Դարբինյանը դիտողություն արեց՝ «բացի իրավունքներից, ունեք նաեւ պարտականություններ, տվյալ դեպքում` ձեզ դատարանում պատշաճ պահելու պարտականությունը»:
«Ես ամբաստանյալ չեմ: Ու պարտավոր չեմ` շինծու մեղադրանքով երկուսուկես տարի բանտում լինել», — հակադարձեց Տիգրանը:
«Բայց դուք հիմա այդ կարգավիճակում եք: Տա Աստված` առաջիկայում ձերկարգավիճակը փոխվի…», — ասաց դատավորը:
«Չտա’ Աստված, տա օրենքը», — դատավորին ուղղեց «ամբաստանյալը»:
«Լավ, օրենքը տա», — համաձայնեց Եվա Դարբինյանը:
‘