‘Դատավոր Օհանյանն ընթերցել է ակնհայտ ապօրինի դատավճիռ’

1099

Forrights.am-ը (լրագրողներ հանուն մարդու իրավունքների) գրում է. Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է 2012թ. նոյեմբերի 5-ին Մեղրու Ծիրանաձոր 2 հենակետում պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին «ինքնասպանության» հասցնելու գործով դատավճիռը, որով դատարանը հանգուցյալի համածառայողներ Արտաշես Խաչատրյանին դատապարտել է ազատազրկման 5 տարի, իսկ Արթուր Միսակյանին՝ 4 տարի 6 ամիս ժամկետով: 

Ընդգծենք, որ իր հրապարակած դատավճռով դատավոր Օհանյանն ամբողջությամբ անտեսել է շուրջ մեկ տարի տևողությամբ դատաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի ապացույցները, որով ժխտվել է զինվորական դատախազության առաջ քաշած  ինքնասպանության վարկածը: Դատաքննության ընթացքում դատարանում ցուցմունք տված առնվազն 9 վկաներ հերքել են հանցագործության մոտիվն ու մեղադրվող զինծառայողների առնչությունը հանցագործությանը, ավելին մատնանշել են հանգամանքներ, որոնք վկայում են տեղի ունեցած սպանության մասին: 
Դատաքննության ընթացքում վկաների նկատմամբ կիրառվել են աննախադեպ ճնշումներ ու սպառնալիքներ՝ նախաքննությամբ նույն մեթոդներով ձեռք բերված ցուցմունքները պահպանելու և ապօրինի մեղադրանքը փրկելու համար: Ավելին, դատավոր Օհանյանի աչքի առաջ մեղադրող Մայիլյանը առևանգել էր վկա, հենակետի ավագ Գոռ Մարգարյանին և մի քանի ժամ ազատազրկել հենց դատարանի շենքում: Սրան զուգահեռ ՊՆ քննչական ծառայության քննիչ Բուլղադարյանը ճնշումներ էր գործադրում մեկ այլ վկայի և նրա ընտանիքի նկատմամբ: 
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից փաստաբանական հարցման ենթարկված վկաներ Անդրանիկ Թադևոսյանի ու Գոռ Մարգարյանի գրավոր վկայությունները դատարանում պատշաճորեն քննելու դեպքում լույս կսփռեին ինչպես կատարված հանցագործության, այնպես էլ հանցագործությունը կատարողների վրա, սակայն դատավոր Օհանյանը հրաժարվեց լսել վկաների մատնանշած նոր ի հայտ եկած հանգամանքները: 
Ընդհանրապես քրեական գործով ձեռք չի բերվել գեթ մեկ ապացույց, որը կվկայեր զինվորին ինքնասպանության հասցնելու վարկածի մասին: Դեպքքի վայրում չեն հայտնաբերվել կրակված գնդակն ու պարկուճը, զենքի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, փոխվել է ինքնաձիգի փաթեթավորումը, ինքնաձիգի փողաբերանում չի հայտնաբերվել ոչ թքի և ոչ էլ արյան հետքեր և այսպես շարունակ:   Ավելին, դատարանում պարզվեց, որ նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ վկաներից  ցուցմունքները կորզվել են անազատության մեջ պահելու, բռնության և սպառնալիքի միջոցով: 
Նույն հենակետի զինծառայողներ, վկաներ Ա. Թադևոսյանը, Թ.Մնացականյանը, Գ.Մարգարյանը, ում ցուցմունքների հիման վրա և կառուցվել էր ինքնասպանության վարկածը, դատարանում հրաժարվեցին նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից, հայտարարելով, որ դրանք ձեռք են բերվել հոգեկան ճնշումների սպառնալիքների, նվաստացումների միջոցով, իսկ Սարգիս Սահակյանի ինքնասպանության մասին տեղեկացել են քննիչներից ու զինվորականներից: 
Դատարանում վկաների տված ցուցմունքներից պարզ դարձավ նաև, որ ինքնասպանությունից ժամեր առաջ Ս.Սահակյանը չի եղել ընկճված, գտնվել է նորմալ և կայուն հոգեվիճակում, այլ ընդհակառակը եղել է ուրախ, քանի որ օրեր անց պետք է գնար արձակուրդ:   
«Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ դեպքից մոտ մեկ  ժամ անց ՀՀ ՊՆ ՔԾ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետին է ուղարկվել թիվ 230 հեռախոսագիր, համաձայն որի՝ Ս.Սահակյանը  ինքնասպանություն է գործել: Փաստորեն, դեռևս մինչև քննչական խմբի դեպքի վայր հասնելը, քննչական անհրաժեշտ գործողություններ կատարելը, և նախաքննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելը, այլ վարկածներով գործի քննություն կատարելը, նախաքննությունը սկսվել և տարվել է միայն  այս վարկածով», սա տուժող կողմի ներկայացուցիչ Սյուզան Խչեյանի պաշտպանական ճառից արված ընդամենը մի հատված է: 
Տուժող և պաշտպանական կողմերի ճառերում փաստված են քրեական գործում տեղ գտած անհաշվելի ապօրինությունների մասին: Գործով մեղադրվող զինծառայողների պաշտպան, փաստաբան Անի Թորոսյանը հայտարարել է, որ դատարանի կողմից իրական արդարադատության իրականացում է ակնկալում.     
«Դատարանից խնդրում եմ հռչակել իմ պաշտպանյալներ Ա.Միսակյանի և Ա.Խաչատրյանի անմեղությունը իրենց մեղսագրվող ՀՀ քր. Օր. 359-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքում: Եվ ազատ արձակել դատարանի դահլիճից»:   
Սակայն դատարանը հաշվի չի առել որևէ ապացույց և հաստատել նախապես ծրագրված ինքնասպանության վարկածը՝ հավատարիմ մնալով դատախազությանը անխոս ենթարկվելու իր գործելաոճին: Ի դեպ, Սարգիս Սահակյանի գործի նախաքննության հսկողությունն ու մեղադրանքը հաստատել է նախկին զինվորական, իսկ այժմ արդեն գլխավոր դատախազ և արդարադատության ջատագով Գևորգ Կոստանյանը: 
Այսպիսով, այս գործի դատական ելքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բանակում տեղի ունեցող մահվան դեպքերը  ինքնասպանություն որակելը մնում է որպես առաջնային հարց Հայաստանի իրավապահների և բանակի վերնախավի համար: 
 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արեւելքում զոհերի թիվը կրկնակի աճել է’