‘
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արամ Հակոբյանի նկատմամբ կիրառվելիք խափանման միջոցի հարցի քննարկումը: Փաստաբան Տիգրան Եգորյանը մեզ փոխանցեց, որ դատարանը այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Նշենք, որ դատարանը մերժել է փաստաբանների՝ նիստը դռնբաց անցկացնելու մասին միջնորդությունը՝ այսպես կոչված «անվտանգության» նկատառումներով: «Դատարանը ձերբակալվածին ուղեկցող հատուկ ջոկատայիններին հորդորեց լքել դատական նիստերի դահլիճը՝ իրենց իսկ անվտագությունից ելնելով: Փաստորեն, դատավորը իրականում մտածում էր ուղեկցող գումարտակի անվտանգության մասին»,- նշեց Տիգրան Եգորյանը:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք պարզ է մեղադրանքի էությունը՝ փաստաբանը պատասխանեց, որ մեղադրանքի էությունը պարզ չէ ոչ միայն մեղադրյալների, այլ նաեւ մեղադրողների համար:
Տիգրան Եգորյանը iLur.am-ին հայտնեց նաեւ, որ գործում ներգրավված փաստաբանները պատրաստվում են բողոքարկել դատարանի՝ ավելի վաղ կայացրած որոշումները: Հիշեցնենք, որ երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուքասզյանի, Գևորգ Սաֆարյանի եւ Պավել Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Հիմնադիր խորհրդարանի անդամները ձերբակալվել են 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում:
‘