‘Դատարանը Եվտուշենկովի խափանման միջոցը թողել է անփոփոխ’

1203

Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է փոխել «Բաշնեֆտ» ընկերության գործով փողերի լվացման մեջ մեղադրվող՝ «Սիստեմա» ԲՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի խափանման միջոցը՝ նրան թողնելով տնային կալանքի տակ:

Նախօրեին դատախազը հայտարարել էր, որ կխնդրի դատարանին՝ մեղմացնել Եվտուշենկովի տնային կալանքի պայմանները, մասնավորապես՝ նրան թույլ տալ գնալ աշխատանքի և օգտվել հեռախոսից:

Եվտուշենկովի փաստաբանը, ելույթ ունենալով դատարանում, նույնպես հայտարարել է, որ իր պաշտպանյալի ազատությունն անհրաժեշտ է «Սիստեմա» ընկերության նորմալ գործունեության համար:

Այնուհանդերձ, դատարանը հաշվի չի առել ո՛չ մեղադրական կողմի, ո՛չ էլ փաստաբանի կարծիքները և խափանման միջոցն անփոփոխ է թողել:

«Բաշնեֆտի» գործը քննվում է 2014 թ. ապրիլից, սակայն հայտնի է դարձել միայն հուլիսին, այն բանից հետո, երբ այդ գործի շրջանակներում ձերբակալվեց նշանավոր գործարար, միլիարդատեր Լևոն Հայրապետյանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԻՊ-ին ԱՄՆ-ի ավիահարվածների մեկ վայրկյանը 87 դոլար է արժենում’
Հաջորդ հոդվածը‘Բելգիան միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարին’