‘Դատարանը կդիմի ՍԴ. Կաշառք ստանալու հոդվածը, ըստ դատարանի՝ հակասահմանադրական է’

1434

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր որոշել է ոստիկանների դեմ շորթմամբ կաշառք պահանջելու վերաբերյալ  գործի շրջանակում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Մասնավորապես, դատարանը դիմելու է  ՀՀ ՍԴ-ին՝ խնդրելով  որոշել   ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալը, սահմանադրականության հարցը: Մինչ ՍԴ-ի կողմից հարցի վերաբերյալ որոշում կայացնելը դատարանի որոշմամբ, հիշյալ գործի քննությունը կասեցվեց: Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Դատարանն այսպիսով բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը: Մասնավորապես, ըստ գործով ամբաստանյալ,  ՀՀ ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի պաշտպան Կարեն Հակոբյանի,  2012թ. մարտի  24-ից ուժի մեջ մտած հոդվածի լրացմամբ խառնաշփոթ է ստեղծվել և  այն կիրառելու դեպքում խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի  առջև բոլորի հավասարության սկզբունքը՝ մինչ լրացումը և լրացումից հետո հոդվածով մեղադրվող անձինք, ըստ պաշտպանի, գտնվում են անհավասար պայմաններում: 

Գործակալությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ  նույն հիմնավորմամբ կասեցվել է կաշառք ստանալու վերաբերյալ գործի քննությունը.  ՀՀ վերաքննիչ   քրեական դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, Սամվել Մելքոնյանի դեմ գործի քննությունը կասեցրել է և դիմել ՍԴ, որը  պետք է քննվի նոյեմբերին: Չի բացառվում, որ Ա.Վարդանյանի նախագահությամբ քննվող գործի վերաբերյալ դիմումն էլ կարող է քննվել նախորդ  նույնաբովանդակ դիմումի հետ միաժամանակ՝ մեկ վարույթի շրջանակում:          

Աղբյուրը նշում է, որ միջնորդությունը քննության առնելու համար դատարանը որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու մասին՝գործով դատաքննությունն ավարտվել էր, սկսվել էր դատական վիճաբանությունների փուլը:Մեղադրող Վահագն Մուրադյանը  նախորդ նիստում  հանդես էր եկել մեղադրական ճառով, նա նախաքննությամբ ու դատաքննությամբ լիովին  հիմնավորված,  ապացուցված և հաստատված էր համարել ամբաստանյալներ, ոստիկաններ Վաղինակ Վարդանյանին, Էդուարդ Զաքարյանին, Գևորգ Գևորգյանին և  բժիշկ Գևորգ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը: Մեղադրողը միջնորդել էր շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկաններին դատապարտել 8-ական տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող բժիշկ Գևորգ Մարտիրոսյանին՝ տուգանքի՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով: Նախատեսվում էր, որ այսօրվա դատական նիստում ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը  2012թ.   դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով վարչություն  բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:  Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով, խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս քրոջ նշանածի՝  Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Նախորդ հոդվածը‘Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման արդյունքներից առայժմ տեղեկություններ չկան’
Հաջորդ հոդվածը‘Խոշորագույն հանքարդյունաբերողների եկամուտները նկատելիորեն նվազել են’