‘
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը 2011 թվականին սեպտեմբերի 21-ին Երևանում միացել է ինքնաբուխ կազմակերպված ակցիային` բողոքելով ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ տրված շքերթին օտարերկրյա զորքերի ու դրոշների առկայության դեմ:
Բողոքի ակցիայի ժամանակ Սարյանի պուրակում Լևոն Բարսեղյանին ու Առնո Կուրին ոստիկանները բռնությամբ տարել էին բաժանմունք, 3 ժամ ապօրինաբար պահել, ու շքերթի ավարտվելուց հետո նոր միայն բաց էին թողել:
Լևոն Բարսեղյանն էլ դատի էր տվել ոստիկաններին`1,5 տարի տևած դատավարությունից հետո շահելով դատը:
«Վերջը դատարանը ճանաչեց, ընդունեց մեր հայցը ամբողջությամբ: Հայցի պահանջները հետևյալն էին` ճանաչել իմ խոսքի ազատության, տեղաշարժման ազատության և հավաքների ազատության իրավունքի խախտումը: Փաստը ճանաչել և փոխհատուցել պետական տուրքի գումարը: Միլիցեքն ինձ 8 հազար դրամ պարտք են հիմա» — Aravot.am-ին ասել է Լեւոն Բարսեղյանը:
Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 4-ին պատրաստվում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ միասին ասուլիսի ժամանակ ներկայացնել գործի հանգամանքները: «Վկաների հարցաքննությունից մի շարք զվարճալի հատվածներ կներկայացնենք, թե ինչպիսի անհեթեթ պատասխաններ կարող է տալ ոստիկանության կապիտանը, ինձ բերման ենթարկողներից մեկը և այլն», — նշել է Բարսեղյանը:
‘