‘
Վերաքննիչ դատարանը մերժեց iLur.am-ի եւ «Հրապարակ» օրաթերթի բողոքը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները բողոքարկում են առաջին ատյանի դատարանի՝ ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատրած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը:
iLur.am-ի թղթակիցը դատարանից տեղեկացնում է, որ այսօրվա նիստում դատախազ Հայկ Պետրոսյանը ներկայացրեց իր պատկերացումները, թե ինչու լրատվամիջոցը պետք է բացահայտի աղբյուրը: Նրա խոսքով, առաջին ատյանի դատարանի կայացրած ակտը «օրինական է եւ հիմնավոր»:
«Աղբյուրի բացահայտումը կենսական նշանակություն ունի, եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը ենթադրում է հանրային գերակա շահ,եւ ավելին է, քան այսպես ասված՝ «խոսքի ազատությունը»», — ասաց դատախազ Պետրոսյանը:
«Ինչո՞ւ եք ընդդիմանում, որ հանցագործությունը բացահայտենք»,- ԶԼՄ-ների ներկայացուցիչներին դիմեց դատախազը եւ եզրակացրեց. «Այսպիսով, լրատվամիջոցները պայքարում են հանրային գերակա շահի դեմ»:
«Հրապարակ» օրաթերթի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանը դատախազի պատկերացումները որակեց որպես պաշտպանական ճառ, որը պատճառաբանված չէ:
Զեյնալյանը անդրադարձավ այն հանգամանքին, որ դատարանը աղբյուրի բացահայտումը պարտավորեցնում է լրատվամիջոցին, այլ ոչ լրագրողին:
Ի պատասխան՝ դատախազը նշեց, որ լրատվամիջոցն իր հերթին պետք է պարտավորեցնի լրագրողին՝ բացահայտելու աղբյուրը: «Թող ԼՄ-ը որոշի, թե ինչպես է պարտավորեցնում», — ասաց դատախազը:
Դատարանը որոշեց մերժել վերաքննիչ բողոքը՝ անփոփոխ թողելով աղբյուրի բացահայտումը պարտավորեցնող որոշումը: Մանրամասները կհայտնենք ավելի ուշ:
‘