‘Դատարանը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչեց’

876

Այսօր Վարչական դատարանի դատավոր Արմեն Թովմասյանը հրապարակեց չորս քաղաքացիական ակտիվիստների գործերով որոշումները: Դատարանի որոշմամբ մերժվեցին Ոստիկանության հայցերն ընդդեմ Գոռ Առաքելյանի, Կարեն Հարությունյանի, Վահագն Մինասյանի և Մհեր Արշակյանի, փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն:

Դատարանը նաև բավարարեց այդ չորս քաղաքացիական ակտիվիստների հայցերն ընդդեմ Ոստիկանության՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, և որոշեց նրանցից յուրաքանչյուրի մասով 150 հազարական դրամ (մոտ 370 դոլար) բռնագանձել Ոստիկանությունից՝ որպես այս քաղաքացիներին իրավաբանական ծառայությունների մատուցման փոխհատուցում:

Միևնույն ժամանակ, Վարչական դատարանի մեկ այլ դատավոր՝ Աղասի Դարբինյանը, բավարարեց Ոստիկանության հայցն ընդդեմ Վահագն Մինասյանի՝ նույնպես քաղաքացիական ակցիաների հետ կապված մեկ այլ գործով, և որոշեց նրանից բռնագանձել 10 հազար դրամ:

Հիշեցնենք, որ այս պահին Վարչական դատարանում քննվում են մեծ թվով գործեր, որոնցով ոստիկանությունը հայցեր է ներկայացրել դատարաններ՝ ընդդեմ ակտիվ քաղաքացիների:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությանը հայտնի չէ, թե ինչպես է մահացել «Սևոլ» լաստանավի սեփականատերը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը մերժեց Լիսկայի որդուն ազատ արձակելու որոշման դեմ Բուդաղյանների ներկայացուցչի բողոքը’