‘Դատարանը որոշեց կալանավորել Վարդան Պետրոսյանին’

1559

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը կալանավորելու Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի մասնակից, դերասան Վարդան Պետրոսյանին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը: Դատարանը նաեւ մերժել է Վարդան Պետրոսյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Վարդան Պետրոսյանը դատարանում ազդեցիկ ելույթ է ունեցել` նշելով, որ ինքն այն մարդը չէ, որ խուսափի պատասխանատվությունից և պատրաստ է կրել իր պատիժը: Դերասանը դատարանում վատ է զգացել և նրան բուժօգնություն է ցուցաբերվել»,- կայքի փոխանցմամբ ասել է Նիկոլայ Բաղդասարյանը: Դերասանի փաստաբանը նշել է, որ առանց իրեն ծանուցելու քննիչը նոյեմբերի 9-ի առավոտյան գնացել է Վարդան Պետրոսյանի մոտ և փորձել հարցաքննել:

Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Այս պահին դերասանի առողջական վիճակն անփոփոխ է: Ծանր վիրահատությունից հետո դեպքերի պատճառով դերասանը սթրեսային վիճակում է, ինչի ազդեցությունից առողջական վիճակն ավելի է վատացել:

PanARMENIAN-ն էլ հաղորդում է, որ Վարդան Պետրոսյանին վերցրեցին երկամսյա կալանքի տակ: Դերասանին կտեղափոխեն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, հնարավոր է՝ այնտեղից տեղափոխվի դատապարտյալների հիվանդանոց: 

Նախորդ հոդվածը‘Բիզնեսմենները՝ հյուպատոսներ’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Կառավարությունը որոշման մեջ նշում է մի ՀԴՄ, որը գոյություն չունի’