‘Դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Վահագն Հարությունյանին’

1922

Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։

Ինչպես փոխանցում է «Ազատություն»-ը՝ Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանի որոշումն անհիմն է որակել։

«Կալանքի որոշումը կայացված է, մեզ նույնիսկ չեն տրամադրել որոշման օրինակը, ինչը պարտավոր էին կատարել հենց հրապարակումից հետո: Որոշումը կտրամադրեն այսօրվա ընթացքում՝ մի քանի ժամ հետո, սակայն ներկայացված միջնորդության հիման վրա որեւէ հիմք չկար Վահագն Հարությունյանին կալանավորելու։ Նշում էին, որ Վահագն Հարությունյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, այդ պարագայում բացարձակապես հիմնավորված չէ միջնորդությունը, որովհետեւ այն անձը, ում ասում էին, որ կարող է թաքնվել, ինքն անձամբ է՝ որեւէ պարտականություն չունենալով, զանգում քննչական մարմնին, զրուցում քննիչների հետ, հայտնում իր բնակության վայրը, հեռախոսի համարները, ու էս պարագայում անձի նկատմամբ հայտարարում են հետախուզում եւ միջնորդություն են ներկայացնում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին», — ասել է փաստաբանը։

Հետախուզում հայտարարելու մասին որոշումը եւս «ապօրինի եւ անհիմն» որակելով՝ Պողոսյանն ասել է, որ այն արդեն բողոքարկել են Գլխավոր դատախազին։

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը մեկնում է «փոքրիկ արձակուրդի»’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Արսենալն այս տարի կարող է չեմպիոն դառնալ»’