‘
Կենտրոնի դատավոր Գագիկ Խանդանյանի անունը, անշուշտ, կմտնի ՀՀ անկախ մամուլի պատմության մեջ: Հունիսի 26-ին նա աննախադեպ դատական ակտ է կայացրել, որով պարտադրել է 2 լրատվամիջոցի՝ «Հրապարակ» օրաթերթին և ilur.am էլեկտրոնային կայքին, տեղեկատվության աղբյուր բացահայտել: Նման որոշում լրատվամիջոցների դեմ մեր երկրում ընդունվում է առաջին անգամ: Խնդրահարույց հրապարակումները վերաբերում են մայիսի 7-ին տեղի ունեցած միջադեպին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Գյումրիում և այդ օրերին քննարկվում էր ամենուրեք՝ երթուղայիններում, փողոցում, տներում:
Շիրակի մարզի մեր աղբյուրը հաղորդեց…
Տեղեկությունը սենսացիոն էր: Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը գիշերով կանգնեցրել է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի մեքենան և թույլատրելի չափից վառ լուսարձակով երթևեկելու համար հարձակվել նրա և եղբոր՝ Ռաֆայել Ալեքսանյանի վրա, զենքով սպառնացել է նրանց, ապա Արթուր Ալեքսանյանին հարվածներ հասցրել: Ոստիկանությունից դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկություն չտվեցին: Այն չէր գրանցվել: Լուրը չհաստատեցին նաև Գյումրիի հիվանդանոցների տնօրենները, իսկ նրանցից մեկն ասաց, որ ազդեցիկ մարդկանց անվան հետ կապված քրեական դեպքերում հարազատները նախընտրում են տուժողներին հիվանդանոց չբերել, այլ բուժօգնություն ցույց տալ տնային պայմաններում: Ալեքսանյան եղբայրները, նրանց հայրը, որը նաև Արթուրի անձնական մարզիչն է՝ Գևորգ Ալեքսանյանը, նույնպես լռում են: Մեզ հաջողվեց քաղաքապետարանի մի աշխատակցից պարզաբանում ստանալ, որը հաստատում էր, որ միջադեպ, այնուամենայնիվ, եղել է: Խնդրելով չհրապարակել իր անունը, այդ աշխատակիցը հայտնեց, որ բախում եղել է, բայց ոչ թե ոստիկանապետն է կանգնեցրել Ալեքսանյան եղբայրներին, այլ մի հասարակ ոստիկան, որն ընդամենը «թեթև հրել է Ռաֆայելին»: «Ոստիկանը կարծել է, թե նորից Վարդանիկենք են ճռիկ-վռիկներ անում: Բայց վարողը ներկայացել է, որ ինքն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է, և այդտեղ բազարը պրծել է»,- ասաց մեր զրուցակիցը:
Աղմուկը մեծ էր
Գլխավոր դատախազությունը հանձնարարեց ՀՔԾ-ին հետաքննություն սկսել Շիրակի մարզային վարչության պետ Նադարյանի և ըմբշամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջև գրանցված միջադեպի մասին մամուլի նյութերով: Վարդան Նադարյանն իր անվան հետ կապված այս պատմությունը կտրականապես հերքեց, այն «անհեթեթություն» անվանելով: Նա նաև վստահեցրեց, որ չի էլ հանդիպել Ալեքսանյանների ընտանիքի անդամների հետ: «ՀՔԾ-ն մանրամասն ստուգումներ, հետաքննություն կանի, եթե հիմք լինի՝ գործ կհարուցի, եթե չլինի՝ կկարճի»,- ասել էր Շիրակի ոստիկանապետն «Առավոտ»-ին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյան եղբայրներին, ինչպես նաև նրանց հոր հետ տարբեր պաշտոնյաներ բացատրական աշխատանք կատարեցին, և նրանք չբողոքեցին: Մինչ օրս նրանք չեն հերքել, որ «ռազբորկա» են ունեցել ոստիկանապետի հետ, որևէ հարցազրույց թեմայի շուրջ չեն տվել: Իսկ Գևորգ Ալեքսանյանը, որը մայիսի 7-ից հետո ուղղակի չէր պատասխանում անծանոթ հեռախոսահամարներին, լրագրողների զանգերից խուսափելու համար պարզապես փոխել էր հեռախոսահամարը: Երկու լրատվամիջոցից՝ «Հրապարակից» և ilur.am կայքից պահանջվեց աղբյուրի բացահայտում: Այս պահանջը մերժեցինք, հղում կատարելով «ԶԼՄ-ների մասին» օրենքին: Մայիսի 25-ին ՀՔԾ խոսնակը հայտնեց «Գալա Թի-Վի»-ին, որ հանցագործության դեպքի բացակայության պատճառով Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը:
Գործը հարուցվեց անաղմուկ
Սակայն ընդամենը 5 օր անց, մայիսի 30-ին ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, որոշեց փաստի առթիվ քրեական գործ հարուցել Քրօր. 309 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Այս արարքը ենթադրում է 2-6 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Ինչո՞վ է բարկացրել Շիրակի ոստիկանապետը ՀՔԾ-ին կամ դատախազությանը, որ վերջիններս որոշել են այսքան խիստ պատիժ սահմանել նրա համար: Ի՞նչը փոխվեց, ի՞նչ կասկածներ առաջացան, ի՞նչ հիմքով, ի՞նչ հանգամանքի ուժով, ի՞նչ պատճառով ՀՔԾ-ն փոխեց քննիչի որոշումը, ընդ որում՝ դա արեց գրեթե թաքուն, առանց հաղորդագրություն տարածելու և Նադարյանի անձի շուրջ նոր լարվածություն հրահրելու: Այս հարցերն ուղղեցինք ՀՔԾ-ին, սակայն պատասխան չստացանք: Մեզ խոստացան պատասխանել «օրենքով սահմանված ժամկետում», այսինքն, 5 օրում: Տեղեկություն ունենք, սակայն, որ սա արվել է հատուկ գլխավոր դատախազ Կոստանյանի պահանջով: Նա անձամբ է հրահանգել վերացնել քննիչի որոշումը և գործ հարուցել Գյումրիի միջադեպի փաստով: Պատահական չէ, որ քրեական գործը հարուցվել է ծանր, այսինքն, 5 տարուց ավելի ազատազրկում ենթադրող հոդվածով: Հիշենք, թե ինչ էր ասում գլխավոր դատախազն այս մասին ընդամենը մի քանի օր առաջ՝ իր առաջին ասուլիսում: «Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների պայմաններում լրագրողը կարող է դատական կարգով պարտավորեցվել հայտնել իր տեղեկատվության աղբյուրը,- ասաց Կոստանյանը։- Դա նշանակում է, որ եթե լրատվամիջոցը տվյալ նախաքննության վերաբերյալ տեղեկատվություն է հրապարակում, ապա նա կարող է հրավիրվել նախաքննության մարմին՝ հայտնելու իր տեղեկատվության աղբյուրը: Դա լրագրողի իրավունքն է: Կուզենա՝ կհայտնի, կուզենա՝ չի հայտնի, իսկ նախաքննության մարմինը կորոշի՝ մտնի՞ դատարան, միջնորդելով պարտավորեցնելու լրագրողին բացահայտել աղբյուրը, թե՞ ոչ»:
Պայքար անանուն աղբյուրների դեմ
Այսպիսով, դատարանով աղբյուրի բացահայտում պահանջելը նոր դատախազի ձեռագիրն է, նրա նորույթը, «նոու հաուն» ԶԼՄ-ների դեմ տարվող քողարկված պատերազմում: Այս քայլն ուղղված է ոչ թե ոստիկանապետ Նադարյանի դեմ, որի ծառայական կենսագրությանը դեռ կանդրադառնանք, այլ լրատվամիջոցների: Ավելի ճիշտ՝ նրանց աղբյուրների: Ահա թե ինչու են ծանր հոդվածով գործ հարուցել: Ոչ թե ոստիկանապետին 2-6 տարի ազատազրկելու միտումով, այլ աղբյուրի բացահայտման համար բավարար իրավական հիմք ստեղծելու նպատակով են գործ հարուցել: Հեռանկարում այս նենգ մարտավարությունը բերելու է ազատ մամուլի թուլացմանը: Քանզի դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի «անանուն աղբյուրների» հետ, եթե ԶԼՄ-ները բավարարեն դատախազի ցանկությունը, դրժեն իրենց տված խոստումը և բացահայտեն մարդկանց անունները: Նրանց ամեն մի «ծանր» հանցագործության դեպքով քարշ կտան քննչական մարմիններ, կահաբեկեն, կսարսափեցնեն: Մեկ-երկու նման բացահայտում, և մամուլն այլևս կմնա պաշտոնական լրատվության հույսին, որը հիմնականում դանդալոշ է, վախվորած, ոչ օպերատիվ և, ինչպես լրատվության հայկական պրակտիկան է վկայում՝ հաճախ նաև կեղծ:
Հ.Գ. Երկու լրատվամիջոցներն էլ՝ «Հրապարակ» օրաթերթը և ilur.am կայքը, համաձայն չեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման հետ: Մենք պատրաստվում ենք բողոքարկել անարդար վճիռը, համատեղ ուժերով պայքարելով մամուլի դեմ կիրառվող նենգ «նորույթների» դեմ:
Սյուզան Սիմոնյան
«Հրապարակ»
‘