‘Դատարանում կբողոքարկվեն Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումները ‘

653

 2012 թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:20-ին և 12:40-ին, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում նշանակված է դատական նիստեր Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների: Այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակից:

Ըստ հաղորդագրության, Վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: Գործով երրորդ անձ ներգրավված է եղել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև որպես ածանցյալ պահանջ՝ անվավեր ճանաչել դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:

Վանաձոր համայնքի ավագանու թիվ 75 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող ֆուտբոլի մարզադաշտը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային սեփականության իրավունքով նվիրաբերելու համար:

Համայնքի ավագանու թիվ 76 որոշման համաձայն՝ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող 43937.2 քմ և 6954.0 քմ մակերեսով հողամասերը ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը գրանցված է որպես սպորտային հասարակական կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն կամ հիմնադրամ չի հանդիսանում: Ինչպես նաև օրենքը չի նախատեսում համայնքի ավագանու՝ նվիրաբերությամբ գույք օտարելու իրավունք: Համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքի բնակիչների սեփականությունն է:

 

 

Նախորդ հոդվածը‘Ֆոտոցուցահանդես ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ‘
Հաջորդ հոդվածը‘Ծառուկյանը պատրաստ է կորցնել ունեցվածքը ‘