‘
Այն նյութը, որով Կուալա-Լամպուրի օդանավակայանում թունավորվել է ԿԺԴՀ քաղաքացի Կիմ Չեն Նամը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբայրը, միայն մի կիրառություն ունի՝ զանգվածային ոչնչացման զենք: Ինչպես այսօր հաղորդել է Star թերթը, այս մասին դատական նիստում հայտարարել է դիահերձում կատարած բժիշկ-ախտաբանը:
Պաթոլոգաանատոմի խոսքով՝ այդ նյութը «շրջակա միջավայրում բնական վիճակով չի հանդիպում»:
Բժիշկը նաև տեղեկացրել է, որ «կարելի է լիովին վստահ լինել, որ Կիմ Չեն Նամն սպանվել է միջազգային կոնվենցիաներով արգելված նյարդակաթվածահարող VX նյութով»: Փորձագետը շեշտել է, որ «քիմիական փորձագիտության վարչության գործընկերների հետ միասին հաստատվել է մահվան նախնական վարկածը՝ թունավորում տվյալ նյութով»:
Պաթոլոգաանատոմը նշել է, որ տվյալ նյութի հետքեր են եղել հանգուցյալի դեմքին: Նա նաև ընդգծել է, որ «դիահերձման ընթացքում սրտանոթային համակարգի որևէ խնդիր չի հայտնաբերվել, որը կարող էր հանգեցնել մահվան»: Հենց այդ վարկածն էին առաջ քաշել Փհենյանում՝ որպես Կիմ Չեն Ինի ավագ եղբոր մահվան հիմնական պատճառ:
Փոխանցում է tass.ru-ն:
‘