‘
Վիսենտե դել Բոսկեն յուրահատուկ անձնավորություն է․ քչերին է հաջողվում նվաճել Աշխարհի, Եվրոպայի, Չեմպիոնների լիգայի գավաթները, գործընկերների ու մրցակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, վայելել բոլորի հարգանքը։
Վիսենտե դել Բոսկեն որոշել է ամեն ինչ թողնել հետևում և ավարտել կարիերան: Փորձենք պարզել, թե ինչո՞ւ են բոլորը սիրում նրան։
Ծագման համար
Երկրորդ Համաշխարհային պատերազմում Իսպանիան պաշտոնապես ներգրավված չէր, նա իր ներքին քաղաքացիական պատերազմից հետո էլ երկար և ցավոտ ապրումներ ուներ: Դիկտատոր Ֆրանկոյի խորամանկությունը մի կողմից թույլ տվեց հեռու մնալ հիտլերյան քաոսից, մյուս կողմից միջազգային մեկուսացման հանգեցրեց: Պատերազմի տխրահռչակ արձագանքը 1945-ի մայիսից հետո էլ դեռ երկար ժամանակ թևածում էր Պիրենեյան թերակղզում։
Այդ մռայլ տարիներին (1950 թվականի դեկտեմբերի 23-ին) էլ ծնվել է մեր հերոսը: Հայրը՝ Ֆերմին, աշխատոմ էր Սալամանկայի երկաթգծի կայարանում, իսկ մայրը՝ Մարիան, տնային տնտեսուհի էր: Փողի պակաս միշտ կար․ ֆուտբոլային խաղակոշիկները փոքրիկ Վիսենտեի համար երկար տարիներ միայն երազանք էին։
Վիսենտե դել Բոսկեի հաջողության պատմությունն օրինակ դարձավ պատերազմից հետո Իսպանիայում ծնված շատ երեխաների համար: Նա ցույց տվեց, որ հեռավոր Սալամանկայում էլ կարելի է բարձունքի հասնել: Պարզապես հավատալ է պետք ու ջանասիրաբար աշխատել, իսկ հետո կնկատես, որ հաջողությունն այցելել է քեզ այնպես, ինչպես Վիսենտեին:
Աշխատասիրության համար
Աստղերին կա՛մ սիրում են, կա՛մ ատում, իսկ Վիսենտե դել Բոսկեն երբեք աստղ չի եղել: Նա դաշտում աշխատավոր է եղել: Ոչ մի խորամանկություն չանելով՝ նա կատարել է իր պարտականությունները: Նրա նմաններին մարդիկ համակրել են թե՛ նախկինում, թե՛ այսօր:
Հորից ժառանգած ամենակարևոր հատկանիշը պատասխանատվությունն էր՝ մտերիմների, խաղընկերների, թիմի նկատմամբ: Մարզիչները եզրում հուսալի օգնականի էին տեսնում, մեկին, ով թիմի շահն իր անձնականից վեր էր դասում: Սրանով էլ հենց բացատրվում է դել Բոսկեի մադրիդյան երկարակեցությունը: «Ռեալում» մենակատարներն ու դիրիժորները հաճախ էին փոխվում, բայց Վիսենտեն կանգուն էր բոլոր իշխանությունների ժամանակ ու կարողացավ 11 երջանիկ տարիներ անցկացնել «Սանտյագո Բեռնաբեուում»։
Համբերության համար
Պետք է շեշտել, որ «Արքայական ակումբի» ճերմակ մարզաշապիկը երկնքից չիջավ Վիսենտեի ուսերին: Այն կրելու իրավունքը Վիսենտեն վաստակեց՝ մասնաճյուղերում, ապա գավառական Կորդոբայում և Կաստելյոնում աշխատելով։
Մադրիդյան ակումբում անցկացրած տարիներին ևս 10 տարի կավելանա, եթե հաշվի առնենք «Ռեալ Բ»-ում անցկացրած շրջանը: Այդ ընթացքում նա ժամանակ առ ժամանակ առաջին թիմ էր տեղափոխվում, բայց վերջնականապես այնտեղ աշխատել սկսեց դարավերջին ու հիանալի կատարեց առաքելությունը:
Իմաստության համար
Տարածված կարծիք կա, թե Զիդանից, Ֆիգուից, Ռաուլից, Ռոնալդոյից, Բեքհեմից ու Կարլոսից կազմված մադրիդյան խմբին գլխավորել հարկավոր չէր: Նրանք իրենք էլ շատ լավ գիտեին, թե դաշտում ինչ ու ինչպես պետք է անել, իսկ մարզչի դերը նրանց չխանգարելն էր: Կատարյալ անհեթեթություն: Ռոնալդուից, Բեյլից ու մյուսներից կազմված ժամանակակից «Ռեալը» հաստատում է դա․ պարզապես իրար կողքի դրեք Կարլո Անչելոտիի և Ռաֆայել Բենիտեսի թիմերն ու կզգաք տարբերությունը:
Բնական է, որ Վիսենտե դել Բոսկեն իր սաներին տեխնիկայի և մարտավարության հիմունքները չէր սովորեցնում: Նրա խնդիրն ուժեղ անհատներին համախմբելն ու այդ երաժշտախմբի միավորումից հնչեղ երաժշտություն ստանալն էր: Այդ առաքելությունը ևս Մադրիդի պարոնը լավ կատարեց:
Օրինակելի լինելու համար
Դովլաթովը գրել է. «Օրինակելի մարդն այն մարդն է, ով վատ բաներն առանց հաճույքի է անում»: Խելացի, բայց ոչ անվիճելի խոսքեր: Մարզչի մասնագիտությունը ցավալի միջոցների կիրառում է ենթադրում։ Ոչ բոլորն են կարողանում հմտորեն գործը գլուխ բերել, բայց Վիսենտե դել Բոսկեին դա մեծամասամբ ստացվել է։ Դժվար է նրա հասցեին հնչած մեղադրանք կամ անարդարացի խոսքեր հիշել: Վիսենտե դել Բոսկեն իսպանական ֆուտբոլում օբյեկտիվության ու օրինակելիության մարմնավորում է:
Խոնարհության համար
2003-ին Վիսենտե դել Բոսկեին «Ռեալի» մարզչական աթոռից հեռացնելն ակումբների ղեկավարների բռնատիրության ամենավառ ապացույցներից է: 4 տարում 7 մրցաշարում հաղթանակ տարած մարզչին աշխատանքից հեռացնել կարող էր միայն Ֆլորենտինո Պերեսի պես օրիգինալ ղեկավարը: Նրան մինչև հիմա հիշեցնում են այդ խայտառակ հեռացման պատմությունը:
Դել Բոսկեի համար ծանր հարված էր, սակայն նա արժանապատվորեն այն ընդունեց: Նրա փոխարեն ուրիշը, հնարավոր է, ամեն առիթի դեպքում անարգանքի սյունին գամեր Պերեսին: Վիսենտեն դրանից բարձր է կանգնած: Հնարավոր է՝ նա չի մոռացել վիրավորանքը, բայց ներել է:
Համեստության համար
Վիսենտե դել Բոսկեն իր դիրքով երբեք չի պարծենում, թեև ավելի բարձր է իր շատ գործընկերներից: Որպես Աշխարհի ու Եվրոպայի, Չեմպիոնների լիգայի չեմպիոն՝ Վիսենտեն զարմանալի մարդ է՝ աներևակայելի համեստ:
Կայունության համար
Վիսենտե դել Բոսկեն երբեք նյութական շահի համար չի փոխել ակումբները։ Նրա կյանքում ակումբային ու մարդկային միայն մի սեր կա: Ֆուտբոլիստի, հետո նաև մարզչի կարիերայի մեծ մասը նա «Ռեալին» է նվիրել:
Դել Բոսկեն նաև անձնական կյանքում է նվիրվածության ու կայունության օրինակ։ Ֆերմին դել Բոսկեի համար ընտանիքն ու աշխատանքը բարձր էին ամեն ինչից: Վիսենտեն ևս այդ սկզբունքների կրողն է: Նրա մազրչական կարիերայի հավատարիմ ուղեկիցը կինն է՝ Մարիան: Կրտսեր որդու՝ Ալվարոյի հաշմանդամությունը (Դաունի համախտանիշ) ավելի է ամրապնդել նրանց կապը:
Մարդկային լինելու համար
Դել Բոսկեն արտաքինից էլ անձեռնմխելի պարոնի տպավորություն չի թողնում: Շարժուձևի պարզության, թլորիկ քթի, բեղերի ու մեղմ հայացքի ամբողջությունը որևէ հեքիաթի բարի պապիկի տպավորություն է ստեղծում: Արքայի կողմից շնորհված մարկիզի կոչումն էլ Վիսենտեին ոչ մի սանտիմետր չի հեռացրել ժողովրդից:
Հաղթանակների համար
Այս կետն այնքան պարզ է, որ մանրամասնել հարկավոր չէ: Լավ մարդ լինելը մասնագիտություն չէ, սակայն երբ այդ լավ մարդը նաև չեմպիոն է կյանքում, իրավունք ունենք բացառիկության մասին խոսելու:
‘